Օգոստոսի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիպում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի միջև։ Այս մասին տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջը:
«Ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը ներկայացրեց Արցախի ԱԺ գործունեության հիմնական ուղղությունները՝ շեշտելով խորհրդարանում ներկայացված կուսակցությունների միջև վստահության ու համագործակցային մթնոլորտի, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհին խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը։
Արթուր Վանեցյանը կարևորեց հայկական երկու հանրապետությունների քաղաքական համակարգերում կուսակցությունների դերակատարությունը և միջկուսակցական շփումները ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության շրջանակում։
«Մենք բաց ենք համագործակցության համար արցախցի մեր գործընկերների հետ՝ հանուն Արցախի հանրապետության միջազգային ճանաչման»,-շեշտեց Արթուր Վանեցյանը։
Կողմերն անդրադարձ կատարեցին նաև Արցախի անվտանգության և պաշտպանունակության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու համավարակի դեմ պայքարին առնչվող հարցերի»,- ասված է էջում տեղադրված հայտարարությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը