17 08 2020

Լուկաշենկոն բացահայտեց «Մարտի 1»–ի կազմակերպիչներին ու կատարողներին. 7or.am

Լուկաշենկոն բացահայտեց «Մարտի 1»–ի կազմակերպիչներին ու կատարողներին. 7or.am

7or.am-ը գրում է.

«Բելառուսում «գունավոր» հեղափոխության փորձ է։ Թե ինչով այն կավարտվի, կերևա մոտ ապագայում։

Մեկ բան պարզ է, որ Բելառուսն այլևս նոր «դարաշրջան» է թևակոխում՝ հնարավորություններով, կորուստներով, ձեռքբերումներով, անորոշություններով և հին խնդիրների նոր դրսևորումներով լի «դարաշրջան»։

Հեղափոխական «շտամպ»

 Մեզ բելառուսական զարգացումներն այլ տեսանկյունից են հետաքրքիր։ Այն, ինչ կատարվում է այնտեղ, բացահայտում է մեզանում կատարվածը։

 Հետխորհրդային տարածքներում տեղի ունեցած բոլոր հեղափոխությունները նույն «շտամպն» ունեն՝ դրանք հակառուսական են իրենց բնույթով, ունեն նույն արտաքին մոդերատորը և տեղավորվում են նույն սցենարի մեջ։

 

Բոլոր հեղափոխությունների համար հարմար առիթ է դառնում ընտրական փուլը։ Կա ստանդարտ սխեմա՝ ատելության մթնոլորտ է ստեղծվում, իշխանությունները ներկայացվում են որպես հրեշ, ընտրությունների արդյունքները չեն ընդունվում ընդդիմության կողմից, սկսվում է փողոցային պայքար։ Եթե իշխանությունը չի հանձնվում, ապա թափվում է արյուն, իսկ եթե հեռանում է՝ դրսի մոդերատորները բավարարվում են առանց արյան և երաշխիքներ տալիս հեռացողին։

 

Իշխանությունը վերցնելուց հետո դրսի մոդերատորներն այդ երկիրը դարձնում են հակառուսական տարածք՝ նպաստելով ավերածություններին։ Վրաստանը «գունավոր» հեղափոխության արդյունքում կորցրեց Հարավային Օսիան ու Աբխազիան, իսկ Ուկրաինան՝ Ղրիմը (Ուկրաինայի արևելյան հատվածը վերածվել է Սիրիայի)։

 Հայաստանում հեղափոխական զարգացումների երկու սցենարն էլ տեսել ենք։ 2008–ին իշխանությունը չհանձնվեց, իսկ 2018–ին՝ հանձնվեց։

 

2008–ին եղան զոհեր, իսկ 2018–ին՝ չեղան. ինչո՞ւ

 Բելառուսական ընտրությունները ցույց տվեցին, որ զոհը պետք է հեղափոխության դրսի մոդերատորներին, որպեսզի թակարդը գցեն իշխանությանը, գազազեցնեն ժողովրդին ու հետագայում շահարկեն զոհի թեման։

 

Խաղի կանոնը հետևյալն է՝ եթե իշխանության առաջին դեմքը հանձնվում է առանց դիմադրության, ապա հետագայում խուսափում է կալանքից։ Այդպես եղավ Վրաստանում Շևարնաձեի դեպքում։ Կուչման Ուկրաինայում նույնպես չգնաց ուժային լուծման տարբերակով, չհանձնեց իշխանությունն իր նախընտրած Յանուկովիչին և խուսափեց քրեական հետապնդումից։ Այդպես եղավ նաև Հայաստանում 2018–ից հետո։

 

2008–ին, սակայն, իշխանությունը չհանձնվեց, պետական կառույցները չփլուզվեցին, քանզի հանձնվելը կնշանակեր վերադարձ Ղարաբաղյան հակամարտության լուծման տխրահռչակ «փուլային» տարբերակին, այսինքն՝ հանձնվելը կնշանակեր Հայաստանի ու Արցախի կապիտուլացիա։ Ռոբերտ Քոչարյանը չկապիտուլացվեց։ Դա նրան չներվեց։

 Երբ պարզվեց, որ իշխանությունը մտադիր չէ հանձնվել, դրսի ուժերը գործի դրեցին «պլան բ»–ն՝ քաղաքական թատերաբեմի վրա հայտնվեցին զոհեր, ունեցանք «մարտի 1»։

 2008թ. մարտի 1–ի զոհերը նախևառաջ պետք էին «երգի ու պարի» հեղափոխության դրսի շահառուներին, որպեսզի այն որպես գործիք օգտագործեին։ Լևոն Տեր–Պետրոսյանը վախեցավ ուղղակիորեն մտնել այդ սցենարի մեջ, բայց դեմ չէր իշխանության գալուն՝ պայմանով, որ այն կատարվելու է ուրիշի ձեռքերով։ Այդ ուրիշը Նիկոլ Փաշինյանն էր, ով հրահրում ու ղեկավարում էր փողոցային բախումները։

 Հետագայում, երբ զոհերի գնով իշխանությունը վերցնել չհաջողվեց, Նիկոլը փախավ ու ընդհատակից դուրս եկավ միայն իշխանության ու դրսի շրջանակների հետ գործարքի արդյունքում։ Այդ դրսի մոդերատորը մեր դեպքում Արևմուտքն էր՝ ի դեմս իր տարածաշրջանային օպերատոր Թուրքիայի, ինչպես որ Ուկրաինայում ու Բելառուսում Լեհաստանն էր աշխատում։ Արևմուտքը տվյալ տարածքի հարևան երկրով է աշխատում հեղափոխության ժամանակ։ Տարբերությունն այն է, որ մի դեպքում դա բացահայտ է արվում (Ուկրաինա, Բելառուս), մյուս դեպքում՝ թաքնված (Հայաստան)։

 

Թուրքիան էր, ըստ այդմ, շահագրգռված, որպեսզի Հայաստանում 2008–ին «մարտի 1» լինի։

 Իսկ այն, որ զոհի ներմուծումը քաղաքական դաշտ, որպես կանոն, դրսի մոդերատորի ձեռքի գործն է լինում, հաստատվել է Ուկրաինայում. Յանուկովիչը հրաման չի տվել կրակել ցուցարարների վրա։

 Տեղին է հիշեցնելը, որ ՀՀ 2–րդ նախագահն իր հարցազրույցներից մեկում խոսում էր այն մասին, որ մարտի 1–ին զոհերը եղել են մի վայրում, որը չէր վերահսկվում ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության կողմից։ Նա ակնկարկում էր, որ դա 3–րդ կողմի արածը կարող է լինել։ «Գունավոր» ու «անգույն» հեղափոխությունների փորձը ցույց է տալիս, որ Ռոբերտ Քոչարյանի վարկածն անհիմն չէ։

 2008–ին իշխանությունը թույլ չտվեց վերադարձ անցյալին ու հակամարտության լուծման կապիտուլյացիոն՝ փուլային տարբերակին։ Դրա համար էլ զոհեր եղան, իսկ ահա 2018–ին այլ տարբերակ ընտրվեց։

 

«Կարո՞ղ էր արդյոք Սերժ Սարգսյանը ուժ կիրառելով պահել իշխանությունը» հարցի պատասխանը կարելի է գտնել Բելառուսում տեղի ունեցող և ունենալիք իրադարձութուններին հետևելով։

 Պետրոս Ալեքսանյան

 Հ.Գ.։ «Թավշյա» հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը ոչ միայն ու ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի մուռն ու «բզիկն» էր, որքան հեղափոխության փայատարերի՝ սորոսաթուրքական շրջանակների պահանջը։ Այդ շրջանակները Նիկոլի ձեռքերով Քոչարյանին պատժում են՝ 2008–ին իրենց ծրագրերը տապալելու և հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները 1998–ից հետո խորացնելու համար։

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ