07 08 2020

Իշխանությունը կհեռանա այն ճանապարհով, որով եկել է․ Բենիամին Մաթևոսյան

Իշխանությունը կհեռանա այն ճանապարհով, որով եկել է․ Բենիամին Մաթևոսյան

Արտակարգ դրությունը երկարաձգվում է, քանի որ իշխանությունը խուսափում է զանգվածային բողոքի միջոցներից, սակայն ոչ թե վարակի տարածումը կանխելու, այլ պարզապես նրանք իրենց իշխանության կայունության համար վտանգ են տեսնում։ Yerevan.Today-ի հետ զրույցում՝անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու կառավարության որոշմանը, ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Սակայն մենք տեսնում ենք, որ արդեն երեք օր է նույն Ջերմուկում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունենում, և ոստիկանությունը շատ նուրբ վերաբերմունք է ցուցաբերում այն մարդկանց նկատմամբ, ովքեր չպահպանելով սոցիալական հեռավորություն, չենթարկվելով արտակարգ դրության պայմաններում օրենսդրական կարգավորումներին, բողոքի գործողություններ են իրականցնում։ Սրա հետ մեկտեղ  ոստիկանության ներկայացուցիչները կարող են կնոջը տուգանել,  որը երեխայի հետ զբոսանքի է դուրս գալիս և դիմակ չի կրում, թեպետ կինը նշում է, որ երեխան դիմակից վախենում է»,- նշեց քաղաքագետը։

Մաթևոսյանի խոսքով, նախորդ իշխանությունների սխալն էր այն, որ արգելափակել էին բոլոր հնարավոր միջոցները՝ մարդկանց արդարացի բողոքը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտնելու համար, ինչն էլ հանգեցրեց երկրում իշխանափոխության։ 

«Նոր իշխանությունն այս տրամաբանական շղթան չի ընկալում։ Նրանք կարծում են, եթե կարողանան արգելանքներ մտցնել մարդկանց փողոց դուրս գալու համար, իրենց լեզվով ասած՝ ասֆալտին փռեն, պատերին ծեփեն, իրենց իշխանությունը կկարողանան պահել, իրականում սա կարող է բերել ոչ թե անկառավարելի հետևանքների, այլ կբերի նրան, որ իշխանությունը կհեռանա իշխանությունից այն նույն ճանպարհով, որով եկել է։ Նրանք պարզապես չեն ուսումնասիրում իրենց իսկ պատմությունը և իրենց իսկ փորձը,  ինչը վտանգավոր է պետության համար։ Ցանկացած ֆորս մաժորային իրավիճակ այնպիսի երկում, որը շրջապատված է թշնամիներով, կարող է վտանգավոր լինել պետության կայունության, անվտանգության և մեր տարածքային ամբողջականության համար»,- ասաց քաղաքագետը։

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ