Այսօր մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը:
Tert.am-ը ազատման դիմում գրելու պատճառների մասին զրուցել է փոխոստիկանապետ Տիգրան Եսայանի հետ:
- Պարոն Եսայան, ի՞նչ պատճառաբանությամբ եք ազատվել աշխատանքից:
- Պատճառների մասին չեմ ուզում հիմա խոսել: Նախ ես դեռ ազատված չեմ, ես դեռևս ազատվելու դիմում եմ ներկայացրել:
- Ինչո՞ւ եք ներկայացրել ազատման դիմում:
- Էլի եմ ասում՝ այդ թեմայով չեմ ուզում հիմա խոսել: Ճիշտ հասկացեք ինձ, հիմա ցանկություն չունեմ խոսելու: Եթե մարդուն աշխատանքից ազատում են, դա տոն չի, չէ՞:
- Այլ պաշտոն առաջարկե՞լ են:
- Ոչ:
- Աշխատանքի հետ կապված խնդիր է եղե՞լ, թե՞ քաղաքական որոշում է սա:
- Ես ասացի՝ այդ հարցին չեմ ուզում պատասխանել, տրամադրված չեմ խոսելու:
- Մեկ օրում երկու փոխոստիկանապետ աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, սա նորմա՞լ է:
- Դե հիմա այդպես էլ է պատահում, կյանքում ամեն ինչ էլ լինում է:
- Որոշե՞լ եք՝ ինչով եք զբաղվելու:
- Ոչ, դեռ ոչ, որովհետև ես էլ չէի սպասում, այնպես չէ, որ սա ես պլանավորել էի:
- Ստացվում է մեկ օրո՞ւմ է որոշվել, որ ասում եք՝ անսպասելի է եղել ձեզ համար:
- Ես ասացի: Ասացի՝ ազատման պատճառների մասին չեմ ուզում խոսել և ասացի՝ ինձ համար անսպասելի է եղել սա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը