29 07 2020

Ուշադրություն. խոզաններն այրելն արգելվում է

Ուշադրություն. խոզաններն այրելն արգելվում է

Բերքահավաքի սեզոնի հետ կապված, Էկոնոմիկայի նախարարությունը հիշեցնում է, որ, համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ արգելվում է այրել խոզանները՝ բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:

Բացի շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա վնասակար ազդեցությունից, խոզանի այրումը նաև գյուղատնտեսության մեջ է խիստ բացասական հետևանքներ թողնում: Հողի վերին շերտի վրա պարբերաբար բարձր ջերմաստիճանների ազդեցության հետևանքով ոչնչանում են հումուսի պաշարը և հողում կենսագործող կենդանի օրգանիզմները (բիոտան), փոխվում են հողի ֆիզիկաքիմիական հատկություններն ու մեխանիկական կազմը, ինչի հետևանքով հողը առավել հեշտ է ենթարկվում քամու և ջրի էռոզիային: Խոզանի այրման ժամանակ այրվում են նաև բույսի աճի և զարգացման համար անհրաժեշտ սննդատարրեր, յուրաքանչյուր հեկտարից հողից անվերադարձ հեռացվում է 4 տոննա օրգանական նյութ և մինչև 30 կիլոգրամ ազոտ:

Բավական է միայն նշել, որ 40-50 ցենտներ խոզանի այրվելու դեպքում 1 հեկտարից հեռացվում է 1500-1700 կիլոգրամ ածխաթթու գազ և մինչև 20-25 կիլոգրամ ազոտ, որոնք կարող էին մտնել կրկնակի շրջապտույտի մեջ: Այրման հետևանքով սննդանյութերի հետ միաժամանակ ոչնչանում են արժեքավոր հողային կենսացենոզներ:

Բերքահավաքից հետո բուսական մնացորդների (խոզանի) այրման   բացասական հետևանքներից խուսափելու նպատակով՝ Էկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում խոզանը այրելու փոխարեն դաշտը զբաղեցնող մշակաբույսի բերքահավաքից անմիջապես հետո կատարել խոզանի երեսվար, ինչը անգնահատելի մեծ նշանակություն ունի շատ տարածաշրջաններում: Խոնավ շրջաններում այն խորհուրդ է տրվում կատարել 5-6 սանտիմետր, իսկ չորային պայմաններում՝ 8-10 սանտիմետր խորությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ