Նախօրեին ԱԻՆ և ոստիկանության աշխատակիցները կանխեցին ինքնասպանության հերթական փորձը: Միջադեպը նաև լուսաբանվեց, ընդ որում ուղիղի եթերում: Հետո պարզվեց, որ երիտասարդը, որն ուզում էր վերջ տալ կյանքին, մանկատան նախկին սան է, և դա նրա ինքնասպանություն գործելու առաջին փորձը չէ:
Միջադեպին արձագանքեց նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Բաթոյանն իր էջում մանրասներ էր ներկայացրել երիտասարդի մասին, տեղեկացրել, որ լուրերն այն մասին, թե կառավարության անդամները նրան խաբել են և որևէ կերպ չեն աջակցել կացարանի կամ բնակարանի հարցում, չի համապատասխանում իրականությանը։
Կարճ ասած, նախարարի մեկնաբանությունից կարելի էր ստանալ հետևյալ եզրահանգումը՝ կառավարությունը ամեն ինչ անում է այդ երիտասարդի համար, իսկ նա, իր քմահաճույքներն է առաջ տանում, իսկ լայվով ինքնասպանություն գործելն էլ օգտագործում՝ խնդիրը շահարկելու համար: Այլ կերպ ասած՝ինչպես միշտ, կառավարությունը լավն է, քաղաքացին՝ վատը:
Այս միջադեպն ակամայից հիշեցրեց կառավարության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկը, երբ լուծարվում էին 4 գիշերօթիկներ և մեկ մանկատուն:
Նիկոլ Փաշինյանն այդ որոշումը մեկնաբանեց որպես բարեփոխում ընդդեմ հուսահատության: Այդ որոշմամբ գիշերօթիկների համար նախատեսված գումարները պետք է ուղղվեին այդ նույն սաների օժանդակությանը իրենց ընտանիքների ներսում:
«Հայաստանում գիշերօթիկի սան, մանկատան սանն ասել, նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ, որ ինքը ողջ կյանքի ընթացքում լինելու է հանրային կյանքի և ըդհանրապես հաջողության լուսանցքից դուրս: Այս իրավիճակի հետ չենք պատրաստվում համակերպվել: Նպատակը պետք է լինի մեկը՝ գիշերօթիկների, մանկատների երեխաների մրցունակությունը կյանքում մեծացնել, սեփական ուժերի նկատմամբ իրենց վստահությունը մեծացնել: Որպեսզի նրանք ոչ թե ամբողջ կյանքում մտածեն, որ վայ, ես մանկատան սան եմ, այդ դրոշմը իրենց վրա կրեն, այլ իրենք իրենց սեփական աշխատանքով իրենց բարեկեցությունն ապահովել»,-ասել էր վարչապետը:
Այս հայտարարությունից անցել է մոտ մեկ տարի, դժվար է ասել, թե ինչ է արել կառավարությունը այս որոշումը կյանքի կոչելու համար, եթե անհատական դեպքում ունենք այս պատկերը, երբ ընդդեմ հուսահատության արվող փոփոխությունից մեկ տարի անց մանկատան սանը հուսահատությունից դիմում է ինքնասպանության փորձի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը