Ինքնամեկուսացված քաղաքացիների համար գործում է COVID-19 StayHome հավելվածը։ Այս մասին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութում ասվում է, որ հավելվածն ունի երկու օգտատեր՝ ինքնամեկուսացված քաղաքացի եւ վերահսկող մարմին։
Տեսանյութում, մասնավորապես, ասվում է.
«Ներբեռնել, անձնական համարին ստացված քառանիշ թիվը փոխանցել պարետատուն, ինքնալուսանկարվել։ Այդ պահին ֆիքսվում են օգտատիրոջ կոորդինատները եւ ինքնամեկուսացման հստակ վայրը։ Քառանիշ թիվը՝ անվտանգության կոդը, գրանցվում է ԱՐՄԵԴ համակարգում՝ օգտատիրոջ անվան դիմաց եւ հավելվածը քաղաքացու բժշկական գործին է միանում։ Գրանցվելուց հետո օրը մի քանի անգամ առանց հստակ ժամանակացույցի օգտատերը ստանում է հաղորդագրություններ՝ ինքնալուսանկարվելու պահանջով։ Հաղորդագրությունը ուղարկելիս կրկին ֆիքսվում են կոորդինատները։ Եթե դրանք տարբերվում են սկզբնական կոորդինատներից, ապա դա դիտարկվում է որպես փախուստ եւ ահազանգն ուղարկվում Ոստիկանություն։ Եթե կոորդինատները նույնն են կրկի լուսանկարվելու հրահանգ է տրվում։ Լուսանկարը համեմատվում է նախկինում արվածի հետ՝ անձի ինքնությունը հստակեցնելու համար։ Բացի հսկելուց քաղաքացի-սպասարկող բժիշկ կապն է ապահովում ընդամենը մեկ կոճակով։ Քաղաքացու վերաբերյալ տվյալները մշակվում են ինքնաշխատ՝ առանց մարդու միջամտության, այլ նպատակներով չեն օգտագործվում եւ հետագայում օրենքով սահմանված կարգով վերացվելու են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը