Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի գործով հրավիրվել էր դատարան՝ վկայի կարգավիճակով:
«Ես իմ հայտարարություններով դատապարտել եմ այն ժամանակ նման գործելաոճը ու հաստատում եմ, որևէ տեսակի ֆինանսական հարաբերությունների մեջ առողջապահության նախարարության որևէ աշխատակից, այդ թվում՝ փոխնախարար, չպետք է մտներ ու չպետք է մտնի և նաև իմ հայտնած տեղեկատվությունը դրան էր վերաբերում, որ ինքս տարբեր բուժկենտրոնների տնօրենների հետ նման խոսակցություն էի ունեցել ու հորդորել էի մոռանալ նախկինում միգուցե արմատավորված պրակտիկաները ու հեռու մնալ առողջապահության նախարարության տարբեր աշխատակիցներից տարբեր առաջարկներով: Նույնը կատարվել էր նաև Ռազմիկ Աբրահամյանի հետ, սակայն ոչ իմ կողմից, այլ՝ միջնորդավորված, ինչի մասին ես այսօր ցուցմունք ու վկայություն եմ տվել նախարարությունում»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին, նախարարը նշեց, որ ՀՀ-ում բոլոր կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիները ստանում են պատշաճ բուժօգնություն, ինչը մեզնից շատ զարգացած երկրներում տեղի չի ունեցել, և այդ առումով Կառավարության ջանքերն ավելի քան ողջամիտ և տեղին են։
Ինչ վերաբերում է թվերին, որոնք չեն իջնում, Թորոսյանն ասաց, թե դա կախված է ոչ միայն Կառավարության քայլերից, այլև քաղաքացիների վարքագծից:
«Մենք առնվազն պայթյունավտանգ իրավիճակ չունենք, ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը: Բոլոր կանխատեսումներով մենք հիմա պետք է ունենայինք 30 000-ից ավելի վարակակիր, բայց ունենք 27 000: Մենք ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը, և կարծես թե ուղիղ գծի վրա ենք՝ հունիսի կեսերից սկսած»,-ասաց նա՝ ընդգծելով, որ համաճարակային իրավիճակ է, ինչը կրկնակի, եռակի ավել բեռ է առողջապահական համակարգի վրա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը