Կառավարությունը հուլիսի 2-ի կնիստին որոշում ընդունեց «Կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրով նախատեսված ենթածրագրերին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 270-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, որը հնարավորություն կտա ուսանողներին օգտվելու ծրագրի շրջանակներում նպաստավոր պայմաններով տրամադրվող վարկերից՝ անկախ ընտանիքի սոցիալական վիճակից։
Համաձայն որոշման հիմնավորման՝ ուսանողական վարկերի սուբսիդավորման ծրագրի գործարկումից ի վեր մինչ 2020թ. մայիսի 18-ը թվով 11 համագործակցող բանկերի կողմից տրամադրվել է 16,610 ուսանողական վարկ՝ ավելի քան 5 մլրդ դրամ ծավալով։ Վերաֆինանսավորված վարկերի փաստացի մնացորդը կազմում է 2.6 մլրդ դրամ։
ՀՀ կառավարության կողմից 2020թ. ապրիլի 23-ին հաստատված «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման» շրջանակում մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը պետության կողմից ուսանողական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար սահմանվել են ավելի բարենպաստ պայմաններ, ինչի արդյունքում ուսանողական վարկերի ծրագիրը բավական ակտիվացել է։ Հաշվի առնելով վարկերի ստացման պայմանների վերաբերյալ վարկառուներց ստացվող արձագանքները՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել երաշխավորների շրջանակը։
Ներկայումս 2013թ. մարտի 14-ի Կառավարության 270-Ն որոշման հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ ենթածրագիրն իրականացվելու է ՀՀ պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` վճարովի համակարգի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառող ուսանողների համար. յուրաքանչյուր ուսանողի հաշվով առավելագույնը 2.800.000 դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում, առավելագույնը 4 մասնաբաժնով, ընդ որում, յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավելի, քան 700 հազ. դրամ` կախված յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանված ուսման վարձավճարի չափից, իսկ 4-րդ ենթակետի համաձայն՝ երաշխավոր կարող են հանդիսանալ միայն ուսանողի ծնողները կամ խնամակալները:
Որոշմամբ սահմանվեց, որ ուսանողական ծրագրային վարկերի տրամադրման ավելի բարենպաստ պայմաններ, մասնավորապես՝ ուսանողական վարկերի տրամադրման համար վարկառու ուսանողի ծնողի կամ խնամակալի երաշխավորությանից բացի հնարավոր դարձնել նաև այլ անձանց /օրինակ ամուսնու/ կողմից տրված երաշխավորությունների տրամադրումը, ինշպես նաև 4 տարուց ավելի ուսումնառողներին ուսումնառության տարիներին համապատասխան մասնաբաժնով վարկ վերցնելու հնարավորություն ընձեռելը կնպաստի ծրագրի աշխուժացմանը, ինչպես նաև բարձրագույն կրթության ընդգրկվածության և ֆինանսական միջնորդության ընդլայնմանը։
Նախաձեռնության արդյունքում 4 տարուց ավելի տևողությամբ ուսումնառող սովորողների համար կստեղծվի հնարավորություն ուսումնառության ընթացքում ստանալու 4-ից ավել մասնաբաժին վարկ, ընդ որում յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավելի, քան 800 հազ. դրամ՝ հաշվի առնելով, որ բուհերում բարձրացել են վարձավճարների չափերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը