23 06 2020

30 միլիոնը վերցրել է, ուրացել ամեն ինչ. Սաթիկ Խլղաթյանը՝ Սարգիս Քլոյանի մասին․ Alternativ

30 միլիոնը վերցրել է, ուրացել ամեն ինչ. Սաթիկ Խլղաթյանը՝ Սարգիս Քլոյանի մասին․ Alternativ

Alternativ.am-ը գրում է․ «Հունիսի 17-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է. պատճառն  իմ ունեցած առողջական խնդիրներն են: Այս մասին Alternativ.am-ի հետ զրույցում ասաց «Ինձ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների կողմից իր և «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հանդեպ հարուցված դատական հայցին:

Հիշեցնենք, որ  դատական հայցի հիմքում ընկած է «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի և  «Ինձ բացակ չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանի այն հայտարարությունը, թե ինչու զոհված զինծառայողների, «Սասնա ծռերի» խմբավորման գործողությունների հետևանքով մահացած ոստիկանների ընտանիքներին կառավարությունը փոխհատուցում չի տրամադրում, փոխարենը տրամադրվում է Մարտի 1-ի զոհերի  իրավահաջորդներին: Վերջիններս էլ նշել են, որ այս հայտարարությունը ոտնահարել է իրենց պատիվն ու արժանապատվությունը, ուստի դատական հայց են ներկայացրել Խաչատրյանի և Խլղաթյանի հանդեպ:

«Մենք կարող էինք կարճել դատը, քանի որ նրանք այդքան իրավունքներ չունեն, որպեսզի արժեքներից կամ արժանապատվությունից խոսեն: Ես խնդրեցի, որպեսզի դատը հետաձգվի, քանի որ ուզում եմ՝ դատական նիստն անպայման կայանա»,- ասաց տիկին Խլղաթյանը՝ հավելելով, որ դեռևս տեղյակ չէ, թե հաջորդ դատական նիստը երբ կլինի:

«Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն իմ հարևանն է, նույն բակում ենք ապրում: Նա անգամ ամոթի զգացողություն  չունի՝ հասկանալու համար, թե ում է դատի տվել: Եթե նրանց թվում է, որ իրենց տղաները զոհվել են, ապա չարաչար սխալվում են: Զոհվել են հանուն ինչի՞: Կարո՞ղ են ասել, թե հանուն ինչի են զոհվել նրանք: Ես  հպարտորեն ասում եմ, որ իմ ամուսինը զոհվել է հանուն հայրենիքի, նա տարածքներ է ազատագրել, իսկ իրե՞նք: Սարգիս Քլոյանը չի՞ տեսել Մարտի մեկի տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես է իր որդին՝ Գոռը, գոռում. «Խփեք, սպանեք, դրանք թուրքեր են»: Ոստիկաններին համարում է թուրքեր: Իսկ իմ ամուսինն իրոք թուրքի դեմ է կռիվ տվել: Տարբերությունը չի՞ հասկանում: 30 մլն-ը վերցրել է, մոռացել ամեն ինչ… Ուրացել է ամեն ինչ, ուրացել…»,- ասաց մեր զրուցակիցը: Վերջինս նաև նշեց, որ մինչ  դատական հայցի ներկայացումը շփումներ չի ունեցել Քլոյան-ավագի հետ, առնչվել է Գոռ Քլոյանի մոր հետ, շատ նորմալ հարաբերություններ են ունեցել:   

Տիկին Խլղաթյանը մեզ հետ զրույցում ուշագրավ դրվագ հիշեց իր ու Սարգիս Քլոյանի հանդիպումից, որը տեղի է ունեցել նախորդ տարի՝ 2019թ-ին, այն բանից հետո, երբ Արցախյան պատերազմում զոհվածների ազգականները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության դիմաց: «Սարգիս Քլոյանը մեր տուն էր եկել ու ասում էր. «Ուշադիր լսեք, թե ինչ եմ ասում: Եթե մեր տղաները չսարքեին Մարտի 1-ը, այսօրվա հեղափոխությունը չէր կայանա: Մարտի 1-ին զոհված տղաներն ավելի շատ բան են արել, քան Արցախյան պատերազմում զոհվածները»: Առանց ամաչելու համեմատություն էր անում: Քլոյանը նաև տիկին Մարգարիտային սկսեց վարկաբեկել… Այս դեպքը հաջորդեց մեր ակցիային, երբ մենք հարց բարձրացրինք, թե ո՞ր բյուջեից է Մարտի 1-ի համար կառավարությունը հատկացրել այդ 30 մլն դրամը, ասացինք, թող Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին էլ օժանդակություն ցուցաբերեն: Եթե առաջինի համար տրվում է 30 մլն դրամ, ապա Արցախյան պատերազմի զոհերին 30 հազար դրամ է տրվում»:

«Մամուլի հրապարակումներից տեղեկացա, որ Սարգիս Քլոյանի հարսն այդ 30 մլն դրամից ոչինչ չի ստացել, գումարը տրվել է Սարգիս Քլոյանին: Իր հարսն այնքան պարկեշտ, ազնիվ, լուրջ, կիրթ, համեստ կին է՝ հարգված ու սիրված բոլորի կողմից: Նա երբեք չէր կարող ստել: Ի տարբերություն Քլոյանի, մենք գումար չենք ուզում, որպեսզի այն ծախսենք վերանորոգման վրա, ջակուզի, նոր կահույք գնենք, մեր երեխաներին էլ չնկատենք: Ո՛չ, մենք կառավարությունից գումար ենք ուզում մեր երեխաների գոյությունը պահպանելու համար: Մեր ամուսինները զոհվել են, մենք գոնե արժանապատվորեն պետք է ապրենք: Այն բյուջեից, որից կառավարությունը նրանց գումար է հատկացրել, թող նույն բյուջեից էլ մեզ հատկացնի»,- ասաց Սաթիկ Խլղաթյանը:

«Սա նրանց ընտանեկան հարցն է, բայց եթե Սարգիս Քլոյանը կարողանում է չնկատել Արցախյան պատերազմի զոհերի ընտանիքներին, ապա ես կարող եմ քննադատել նրան, որ 30 մլն դրամը ստացել է ու եսասերի նման տուն է վերանորոգում ու թոռներին ոչ մի դրամ  չի տալիս: Ավելին, ինձ դատի է տալիս ու խոսում է արժանապատվությունից: Ո՞ր արժանապատվության մասին է խոսքը»,- նկատեց մեր զրուցակիցը: «Ես դատավոր կամ Աստված չեմ, որ դատեմ իրեն, բայց եթե լավ պապիկ լիներ, իր թոռներն իր կողքին կլինեին:  Սարգիս Քլոյանը հայտարարում է, որ այդ գումարը որպես ավանդ է ձևակերպել, բայց դրա տոկոսներն էլի ինքն է վերցնում…»:

«Դուք էլ եք տեսնում, որ այդ մարդը՝ Սարգիս Քլոյանը, 10 մլն-ները վերցնում է, գնում Ռոբերտ Քոչարյանի դատական նիստերին, դրանք փաստող նկարներ կան: Մարտի մեկը սարքել են քաղաքական  պաստառ, բայց երբ պատերազմում զոհվածների ընտանիքներն ինչ-որ գումար են ուզում կառավարությունից, ուրեմն մենք թշնամի ենք, պաշտպանում ենք Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին…: Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ, Նիկոլ Փաշինյանն էլ, անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իմ հայն են, նույնիսկ Լևոնը, ով այդքան վատ բաներ է արել… Ես նրանց նման չեմ  մտածում: Որպես հարևանի, որպես որդեկորույս ծնողի  զիջումների գնացի Սարգիս Քլոյանի հանդեպ: Բայց նա 70-ն անց է, կարող է ապրել, իսկ իմ երեխաները՝ ո՞չ…»,- եզրափակեց Սաթիկ Խլղաթյանը:

Թեմայի շուրջ զրուցեցինք նաև Սարգիս Քլոյանի հետ, ով հաստատեց, որ կառավարության կողմից  Քլոյաններին տրված օժանդակությանից իր հարսը գումար չի ստացել: Այս առիթով Սարգիս Քլոյանը նշեց. «Իմ հարսի խոսքերը համապատասխանում են իրականությանը, ես նրան գումար չեն փոխանցել, նա ճիշտ է ասում: Այդ գումարը բանկում է պահվում որպես ավանդ: Թոռնիկներս կմեծանան, կգան իրենց գումարը կտանեն, այդքան բան»: 

Մեր այն հարցին, արդյոք հիմա երեխաներին ավելի անհրաժեշտ չէ այդ գումարը, Սարգիս Քլոյանը պատասխանեց, որ իր թոռնիկներից յուրաքանչյուրն այս պահին 10-12 հազար ռուբլի թոշակ է ստանում որպես միակողմանի ծնողազուրկ, մայրն էլ աշխատում է, հետևաբար այդ գումարն իրենց հետագայում պետք կգա: «Ինչքանով կարողանում եմ, օգնում եմ նրանց»,- նշեց Քլոյանը:

Դատական գործընթացի շուրջ զարգացումների վերաբերյալ  մեր հարցերին Քլոյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ կապ հաստատենք իր փաստաբանի հետ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ