2020թ. հունիսի 21-ին «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տիչինա փողոցում մի խումբ անձիք ձեռքերով, ոտքերով եւ մահակներով ծեծի են ենթարկել իրեն ՝ հայհոյանքներ հնչեցնելով իր եւ ՀՀ Վարչապետի հասցեին, միաժամանակ վնասելով իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում, են, որ դեպքի վայրի զննությամբ Երեւան քաղաքի Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքի հատման վայրում հայտնաբերվել է 2 մահակ:
Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով:
Նույն օրը վարույթն իրականացնող մարմնին ինքնակամ ներկայացել են 2 քաղաքացի՝ ծնված 1989 եւ 1990թթ., եւ հարցաքննվել:
Վերջիններս ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ, կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը