«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Ֆիրդուսի թաղամասի նախագծի.
««Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն պարբերաբար բարձրաձայնում է կառուցապատման ոլորտում առկա խնդիրների մասին և հետևողական է կառուցապատման ոլորտում առաջացող հարցերի լուծմանը:
Ասոցիացիան մտահոգիչ է համարում ս.թ. հունիսի 13-ին Երևանի ավագանու «Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի» և «Մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի» մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստի ժամանակ հնչեցված այն մտքերն ու տեսակետները, որոնք միտված են ձախողելու ՀՀ-ում իրականացվող քաղաքաշինական այնպիսի խոշոր նախագիծ, ինչպիսին Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրն է:
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն տեսնում է որոշակի միտում և նշված աշխատանքներին խոչընդոտող հետևողական գործողությունների հաջորդականություն:
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ Ֆիրդուսի թաղամասի նախագիծը երկրի խոշորագույն ներդրումային ծրագրերից է, իսկ ծրագրում ընդգրկված գրեթե բոլոր կառուցապատող ընկերությունները հանդիսանում են մեր ասոցիացիայի անդամ:
Ուստի, հայտնում ենք, որ այսուհետ ևս հետամուտ ենք լինելու ծրագրի մասով տեղի ունեցող զարգացումներին և թույլ չենք տալու անհարկի ու հակաիրավական քայլերով կառուցապատման ցանկացած նախագծի վիժեցում կամ դադարեցում, որը, անխուսափելիորեն, վատթարագույն հետևանքներ կունենա ինչպես կառուցապատողի և կառուցապատման ոլորտի վրա, այնպես էլ՝ երկրի տնտեսության, տնտեսական կյանքի ակտիվության վրա:
Հակադիր տեսակետներ ունեցող շահառուներին կոչ ենք անում զերծ մնալ պոպուլիստական և սադրիչ գործողություններից, հայտարարություններից, ուղղորդված քայլերից:
Ավագանու արտահերթ նիստի ժամանակ ՀՀ կառավարության ներկայացուցչի և Երևանի գլխավոր ճարտարապետի մասնակցությամբ կառուցողական դիրքորոշումները հուսադրեցին և վստահություն ներշնչեցին, ինչի համար ասոցիացիան պատրաստակամ է աջակցել ՀՀ կառավարությանը և Երևանի քաղաքային իշխանություններին Ֆիրդուսի թաղամասի ծրագրի իրագործման աշխատանքներում և գտնում է, որ ցանկացած հարց պետք է քննարկվի և իր լուծումը գտնի կառուցողական երկխոսությամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը