Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Տավուշ տեքստիլ» և «Արվենդինգ» ՍՊԸ-ների համագործակցության շնորհիվ այսուհետ քաղաքացիները կարող են պաշտպանիչ դիմակներ ձեռք բերել նաև հանրային վայրերում ինքնաշխատ տաղավարների միջոցով մատչելի գնով: Այսօր դրանք արդեն հասանելի են Երևանի մետրոպոլիտենի 7 կայարաններում, առաջիկայում՝ հասանելի կլինեն նաև մայրաքաղաքի այլ հանրային վայրերում գտնվող թվով 50 ապարատների միջոցով: Հայկական արտադրության դիմակները եռաշերտ են, վաճառվելու են 1 հատը 100 դրամ գնով, յուրաքանչյուր փաթեթի մեջ առկա է 2-ական դիմակ: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:
«Մեր հորդորը և խնդրանքը բնակիչների մեծ հոսք ունեցող ընկերություններին` առևտրային կենտրոններին, բանկերին, նման ապարատներ տեղադրել, և արդյունքում մենք կունենանք քաղաքացիների համար շատ ավելի մատչելի, հասանելի դիմակներ»,- նշել է հանձնաժողովի գլխավոր քատուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը` հավելելով, որ հանձնաժողովն այս փուլում փորձում է համագործակցության եզրեր գտնել նաև այլ ընկերությունների հետ: Հանձնաժողովի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ընկերությունների կողմից առաջարկվող գինը մրցակցային է, մտահղացման հիմնական իմաստ այն է, որ մարդաշատ վայրերում քաղաքացիները կարողանան ձեռք բերել մատչելի դիմակներ:
«Արվենդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Ալեքսանյանը տեղեկացրել է, յուրաքանչյուր սարքի մեջ տեղադրված է 10 տուփ, սակայն պահանջարկի դեպքում պատրաստ են ավելացնելու դարակների քանակը:
«Մենք ունենք մեծ ռեսուրսներ, եթե լինեն այլ վայրերում նման տաղավարներ տեղադրելու առաջարկներ, ապա մենք պատրաստ ենք համագործակցության»,- հավելել է նա:
«Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանի խոսքով՝ ընկերությունն օրական արտադրում է շուրջ 300 000 հազար դիմակ և նպատակն է ապահովել որակյալ ու մատչելի արտադրանք վերջնական սպառողի համար, ուստի ոգևորությամբ են արձագանքել հանձնաժողովի նախաձեռնությանը:
Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն իր հերթին ողջունել է նախաձեռնությունը` կարևորելով ուղևորների անվտանգ երթևեկության ապահովումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը