2020 թ-ի մայիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 1509 հոդված, որոնցից 516-ը եղել է բացասական, 3-ը՝ դրական, 990-ը՝ չեզոք։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննադատությունների կիզակետում է։ Քննադատությունները հիմնականում կապված են համավարակի տարածման աննախադեպ տեմպով: Շատերը մեղադրում են նախարարին իրավիճակը վերահսկողությունից դուրս թողնելու և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մեջ։
Փաստաբան Երվանդ Վարսոյանը Արսեն Թորոսյանի հայտնի` «Ձեր գործողությունները», հարցադրումից հետո գրել է․ «Թորոսյան Արսեն, մի պահ պատկերացրեք, որ կյանքում մաքսիմում հասցրել եք ԷԽՈ-ի կաբինետ կառավարել, մեկ էլ հոպ` նշանակվել եք նախարար։ Դա էլ հերիք չի` դատական ակտը դիտավորությամբ չկատարելու ընթացքում (քրեական օրենսգիրքը ողջունում է Ձեզ), հասցրել եք պրավալ տալ երկրում առկա համավարակային վիճակը… Որո՞նք են Ձեր գործողությունները»:
Երվանդ Բոզոյանը նշել է, որ Հայաստանը նախկին 23 հետկոմունիստական երկրների շարքում կորոնավիրուսի տարածման առաջատարն է դարձել և հարցնում է, թե ինչո՞ւ է այսպիսի պատկեր ստացվել։
Մամուլի հրապարակումների համաձայն` մինչև հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա: Օրակարգում է նաեւ Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը։
«Իրավիճակը սարսափելի է, այն պատճառով, որ կանխարգելիչ մեթոդները մեր կառավարությունը սկսեց շատ ուշ, ես բազմիցս ասել եմ՝ արդեն գնացքը գնացել էր եւ կառավարությունը վազում էր գնացքի հետեւից, իսկ այն, ինչ հիմա անում են՝ ուզեն, թե չուզեն, պետք է անեն, այլ ճանապարհ չունեն»,- լրատվականի հետ զրույցում ասել է բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ նախկին գլխավոր պաթանատոմ Գարիկ Աղաբեկյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված առողջապահական իրավիճակին։ Գարիկ Աղաբեկյանը տարակուսելի է համարել նաեւ Արսեն Թորոսյանի հայտարարությունը, որով նախարարը կասկածի տակ դրեց Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը:
Արսեն Թորսոյանը նաև քննադատությունների է արժանացել Վրաստանի հասցեին ուղղված մտքերից հետո։ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զվիադ Կվաչանտիրաձեն ֆեյսբուքյան գրառում է արել՝ դիմելով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, հայատառ գրելով․ «Արսեն ջան, չե՞ք ամաչում»։
Վրաստանի «Ինֆեկցիոն պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի» գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Ցերտցվաձեն, անդրադառնալով թեմային ասել է․ «Ինչպես գիտեք, ՀՀ առողջապահության նախարար պարոն Արսեն Թորոսյանը ընթացիկ տարվա մայիսի 22-ին, մեղմ ասած ոչ կոռեկտ և իրականությունից տարբերվող հայտարարություն է արել Վրաստանի վերաբերյալ: Դրանից հետո ՀՀ Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ պարոն նախարարը նման բան չի ասել, իսկ նրա հայտարարությունները, ցավոք սրտի, սխալ են մեկնաբանվել լրատվամիջոցների կողմից: Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սա ապատեղեկատվության ևս մեկ փորձ է, քանի որ ես անձամբ եմ լսել պարոն Թորոսյանի խոսքը, որում նա առանց որևէ հիմքի հայտարարում է, որ իրենց «հակահամաճարակային համակարգն ավելի ուժեղ է: Նա նաև կասկածներ է հայտնել Վրաստանում իրականացվող թեստերի որակի, թեստավորման մեթոդաբանության, ինչպես նաև տրամադրվող վիճակագրության վերաբերյալ»։
Հայաստանում թե՛ համացանցում, թե՛ լրատվականներում այս ամենը ևս քննադատության է արժանացել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը