ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 15241 արձանագրություն, իսկ մայիսի 28-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 863 դեպք։
Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։
Այսօր, վաղ առավոտից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Կենտրոն և Դավիթաշեն վարչական շրջաններում։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է․ պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը