22 05 2020

Գոգյանի տարածած ապատեղեկատվությունը ատենախոսությանս մասին․ Թադևոս Ավետիսյան

Գոգյանի տարածած ապատեղեկատվությունը ատենախոսությանս մասին․ Թադևոս Ավետիսյան

Ընդհանուր առմամբ, ատենախոսությունների վերագնահատման ձախողված փորձերի մասին չափից շատ է խոսվել: Իրականում առկա այդ գործընթացները աղերս չունեն գիտության զարգացման և առավել ևս՝ «բարեփոխում» եզրույթի հետ: Դրանք հետապնդում են բոլորովին այլ իրական նպատակներ:

Ինչ վերաբերում է իմ ատենախոսության վերաբերյալ Սմբատ Գոգյանի տարածած ապատեղեկատվությանը, ապա կարող ենք արձանագրել հետևյալը.

1.    Ատենախոսությանս վերաբերյալ իր դիտարկումը ԲՈԿ նախագահը ներկայացրել է՝ չունենալով օրենքով և ԲՈԿ կանոնադրությամբ նախատեսված իրավական հիմք, լիազորություն, գործող օրենսդրությամբ սահմանված չեն այդ գործընթացի իրականացման կանոնակարգը և պետական չափանիշները: Այս ամենի մասին ինքը ևս բազմիցս բարձրաձայնում է և հայտնել է գրավոր դիրքորոշում:

2.    Նրա դիտարկումը բովանդակում էր նաև ակնհայտ սուտ տեղեկատվություն, որի հիմքերի պահպանումը ԲՈԿ-ի հիմնական գործառույթն է. 2002 թվականին ես պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտական շիֆրով, այլ ոչ թե «Միջազգային տնտեսագիտություն» շիֆրով:

3.   Ականավոր բազմաթիվ գիտնականներ են իմ ատենախոսության վերաբերյալ տվել դրական կարծիքներ՝ առարկայական հիմնավորումներով:

4.   Իսկ իմ ատենախոսության վերագնահատման վերաբերյալ նույնիսկ առկա չէ մասնագիտական որևէ հանձնաժողովի եզրակացություն, որը գոնե առկա է եղել Գոգյանի կողմից հնչեցվող մյուս դեպքերում: Հետևաբար, անբացատրելի է առանց մասնագիտական տեսակետների՝ Գոգյանի հայտարարությունը, թերևս, եթե դա պայմանավորված չէ բոլորովին այլ՝ նեղ շահերով:

Ես շարունակում եմ իմ գիտա-մանկավարժական և մասնագիտական աշխատանքը, զբաղված եմ ինձ համար հաճելի և հանրօգուտ գործերով: Երբ կլինեն հաստատված ատենախոսությունները վերագնահատելու՝ օրենքով սահմանված հիմքեր, իրավասու պետական մարմին, անհրաժեշտ կանոնակարգեր և պետական չափանիշներ և ըստ այդմ կնախաձեռնվի համապատասխան գործընթաց, տասնյակ հազարավոր գիտնականների նման՝ ես էլ եմ պատրաստ անցնել այդ գործընթացով:

Թադևոս Ավետիսյան

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ,

իրավագիտության մագիստրոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ