Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին գործադիրի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, մահերի ընդհանուր թիվը հասել է 70-ի։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսի հետ կապված հանրության շրջանում առկա տրամադրությունների վերաբերյալ տեղեկանք էր ուզել, որտեղից զարմանալի փաստեր է իմացել։
Ըստ նրա, հանրության շրջանում նույնիսկ քննարկում են, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնվեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ, այսինքն՝ դրական ախտորոշումով։
«Դա ունի կոնկրետ բացատրություն, թե իբր միջազգային օգնություն ստանալու համար շատ կարևոր է հիվանդների և մահերի թիվը, և այլ հիվանդությունների պատճառով առաջացած մահերը գրանցում են որպես կորոնավիրուսով պայմանավորված մահեր։ Ուզում եմ արձանագրել, որ կորոնավիրուսի առաջին օրվանից որևէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրության չենք հաղորդել։ Ի վերջո մեր կառավարությունը որևէ մանիպուլյատիվ տեղեկություն չի փոխանցել: Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան՝ մենք կարող ենք պատկերացնել, կամ պատկերացնում ենք: Պետք է խստագույն միջոցներ ձեռնարկենք՝ համավարակը վերահսկողության տակ պահելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակման միջոցառումների»,- հայտարարեց վարչապետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը