Վարակի տարածման արագացման ֆոնին, թվում էր, թե կառավարությունը պիտի ամեն ինչ աներ, որ կորոնավիրուսի թեստավորման շրջանակը արագորեն ընդլայնվեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Ըստ էության, լայնածավալ թեստավորումը միակ մնացած գործիքն էր, որ այս ամեն ինչից առանց աղետալի կորուստների դուրս գալու ինչ-որ շանսեր կարող էր տալ Հայաստանին։
Ի՞նչ է անում առողջապահության նախարարն այս իրավիճակում։ Կտրուկ ավելացնում է թեստավորման ծավալները՞։ Նոր լաբորատորիանե՞ր է պատրաստում։
Ո՛չ։ Նա արգելում է մասնավոր լաբորատորիաներին կորոնավիրուսի թեստավորում անցկացնել։
ԱՄՆ-ում այս սխալն արել էին դեռ հունվար-փետրվարին, մինչև հիմա հետևանքների տակից չեն կարողանում դուրս գալ, ռուսները մոտավորապես ապրիլի սկզբներից հասկացան, որ «միայն պետությունը կարող է թեստեր անել» մոտեցումը սխալ է։
Ամիսներ անց նույն հանրահայտ էշությունը եթե կրկնվում է Հայաստանում, հարց է առաջանում, իսկ գուցե հատո՞ւկ են անում։ Գուցե ինչ-որ ֆինանսակա՞ն շահեր կան։
Մանավանդ, որ նախարարության հաղորդագրությունում շեշտը դրված է այսպես. «թեստերը պիտի լինեն անվճար, իսկ վճարովիներն անորակ են»։
Էժան մանիպուլյացիա է սա, նախ՝ քանի որ ոչ մի թեստ՝ այդ թվում և պետական թեստերը, անվճար չեն։ Դրանց համար պետբյուջեից է վճարվում։ Եվ կարծես թե ժամանակն է արդեն, որ մամուլը սկսի հետաքրքրվել այդ «անվճար թեստավորման» գներով ու ծավալներով։
Երկրորդը՝ եթե ինչ-որ լաբեր անորակ թեստեր են օգտագործում կամ պատշաճ ձևով չեն աշխատում, պահանջների ցանկ ներկայացրեք, սերտիֆիկացրեք և այլն։ Ոչ թե բոլորին արգելեք։
Առողջապահության նախարարությունը դարձրել են մեկ թայֆի ախորժակները սպասարկող բոստան»,-գրել է Կարեն Վրթանեսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը