Մայիսի 8-ին, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ դատական նիստին ներկայացան ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը՝ հաստատելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու իրենց երաշխավորությունը։
Որոշումը դատարանը կկայացնի մայիսի 13-ին։
Դատական նիստում տուժող կողմի փաստաբանները և ներկայացուցիչը, խափանմանմիջոցը փոխելուն դեմ այլ հնար չգտնելով, փորձ արեցին վարկաբեկել նախկին վարչապետներին, նրանց հեղինակությունն ու ավանդը կասկածի տակ դնելով։ Փաստարկները որ բերվում էին, հիմնականում դեղին մամուլի ու բամբասանքի մակարդակի էին։
Փաստն այն է, որ այս դեպքում գործ ունենք պետության կարևորագույն պաշտոնը զբաղեցնող մարդկանց հետ, որը, կարծում ենք, պետք է հարգվի, որովհետև այդ պաշտոնն ինքը նշանակում է առնվազն մեծ պատասխանատվություն, իսկ արդյունքը հարգանքի արժանի։
Այնուամենայնիվ, քանի որ նրանց կառավարման շրջանները տարբեր են, իսկ որոշ մարդկանց հիշողությունը՝ կարճ, փորձենք հիշել, թե նշված վարչապետներն ինչով են աչքի ընկել կառավարման շրջանում։
Եվ այսպես, ի՞նչ են արել մեր երկրի համար, որ դատարանը նրանց ընդառաջի:
Վազգեն Մանուկյանը համարվում է Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետը։ 1990թ. մայիսին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990թ. օգոստոսի 13-ին ԳԽ-ի կողմից նշանակվել է ՀՀ Նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ): Նա վարչապետ դարձավ բավականին ծանր ժամանակահատվածում՝ ԽՍՀՄ-ը փլուզվում էր, տնտեսական կապերը՝ նույնպես, պետական ինստիտուտները՝ քանդվում։ Հայաստանում նոր տնտեսական համակարգ էր ստեղծվում։ Դրան զուգահեռ Հայաստանը հայտնվում էր շրջափակման մեջ։ Կար նաև 88-ից առաջացած Աղետի գոտի, կային փախստականներ։
Վազգեն Մանուկյանն ինքը խոսում է այդ ժամանակ մի քանի հրատապ հարցերի մասին, որոնք Հայաստանը պետք է աներ։ Առաջինը էներգետիկայի հարցն էր. գազի խողովակաշարը Ադրբեջանի տարածքով էր գալիս, և նրանք պարբերաբար այն փակում էին: Վազգեն Մանուկյանին հաջողվում է վրացիների հետ գալ համաձայնության և գազամուղ կառուցել Վրաստանի տարածքում։
Կար նաև կապի խնդիրը․ Հայաստանը Խորհրդային Միության տարածքի երկրներից բացի, մյուս երկրներ կարողանում էր զանգել միայն Մոսկվայի միջոցով: Նոր կառավարությունը պայմանագիր կնքեց ամերիկյան խոշորագույն կազմակերպության հետ, և մեկ տարվա ընթացքում Հայաստանը հնարավորություն ստացավ Մոսկվան շրջանցելով՝ կապվել այլ երկրների հետ, այս հարցում Հայաստանն առաջինն էր ԽՍՀՄ-ում։
Կարևորագույն խնդիր էր բանակի հարցը, որի ստեղծման ակունքներում է Վազգեն Մանուկյանը։ Այդ ժամանակ ՆԳՆ-ին կից զորքերը մտցվեցին մեկ ընդհանուր կառույցի մեջ: 1991թ. ստեղծվեց պաշտպանության կոմիտեն․ Ֆիդայիններից, նոր զորակոչի արդյունքում 18-ամյա պատանիներից, սովետական բանակի հայազգի սպաներից, կազմվեց հայկական բանակը։
Վազգեն Մանուկյանի վարչապետության տարիներին ակտիվորեն քննարկվում էր նաև սեփականաշնորհման հարցը: Ինքը` Մանուկյանը, կողմ էր հողի սեփականաշնորհմանը, որը, ըստ Վազգեն Մանուկյանի, մարդկանց մոտ կբերեր սեփականության զգացում։
Հետագայում հողի սեփականաշնորհում տեղի ունեցավ, բայց սխալ ճանապարհով։
1991թ. սեպտեմբերի 26-ին՝ անկախության հանրաքվեից 5 օր անց, Վազգեն Մանուկյանը հրաժարական տվեց։ Նա նշում է․ «Բոլորը մոռացել են, որ այն ժամանակ մեզ մոտ վարչապետական հանրապետություն էր, այսինքն՝ չկար նախագահ, կար Գերագույն խորհուրդ (ԳԽ) և կար կառավարություն, գործադիր իշխանության բոլոր լիազորությունները գտնվում էին կառավարության ձեռքում, բայց Սահմանադրությունը թերի էր, և անընդհատ պրոբլեմներ էին առաջանում կառավարության և ԳԽ միջև, որոնք կամաց-կամաց վերաճեցին նաև անձնականի: Կային նաև բազմաթիվ քաղաքական մոտեցումներ, որոնք իմ ու Լևոն Տեր-Պետրոսյանի կամ կառավարության ու ԳԽ-ի միջև ընդհանուր չէին, և այդ հակասությունները վերացնելու համար ես ուղղակի դուրս եկա վարչապետությունից»:
Վազգեն Մանուկյանը 1992թ. սեպտեմբերին նշանակվեց պետնախարարի, այսուհետև պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը: Վազգեն Մանուկյանի օրոք ձևավորվեց կանոնավոր հայկական բանակը, փոխվեց պատերազմի ընթացքը, օր-օրի հաղթանակներ էինք գրանցում պատերազմում։ 1993թ. օգոստոսին ազատվեց պաշտոնից: Դրանից հետո դարձավ ԱԺ պատգամավոր, նախագահի թեկնածու՝ երկու անգամ, ընդ որում, 1996 թվականին անգամ հաղթեց ընտրություններում, բայց նրան թույլ չտրվեց փաստաթղթերով ամրագրել հաղթանակը։
Խոսրով Հարությունյանը վարչապետ է եղել 1992-1993թթ., 1998-1999թթ. եղել է Ազգային ժողովի նախագահ։ 1992թ․ հունվարի 1-ին ՌԴ կառավարությունը որոշում կայացրեց գներն ազատականացնելու մասին։ Ըստ էության, սկսեց գործել շուկայական տնտեսական համակարգի առանցքային ինստիտուտը՝ գնագոյացում առաջարկի ու պահանջարկի հիման վրա, այն պարագայում, երբ շուկայի մասնակիցները ձևավորված չէին, ու հանրությունը շփոթի մեջ էր։
Հենց նման պայմաններում Խոսրով Հարությունյանը նշանակվեց վարչապետ։ Խոսրով Հարությունյանը վարչապետ աշխատեց կարճ ժամանակահատված՝ կես տարի։ Այդ ժամանակ լուրջ տնտեսական ձեռքբերումների ժամանակներ չէին։ Պատերազմական շրջան էր, շրջափակում, Հայաստանում կանգնած էին բոլոր ձեռնարկությունները։
Բացի այդ, Խոսրով Հարությունյանը չուներ քաղաքական հենարան, այսպես ասած՝ թիմի անդամ չէր։ Այնուամենայնիվ, պաշտոնավարման 6 ամիսների ընթացքում մի քանի կարևոր քայլեր կատարվեցին։
Սկսենք նրանից, որ վարչապետ նշանակվեց օգոստոսի 1-ին, որից երեք օր անց փակվեց աբխազական երկաթգիծը, արտաքին աշխարհի հետ ցամաքային կապը կորավ։ Այս ճանապարհով էր Հայաստանի կապը ԽՍՀՄ նախկին տարածքի երկրների հետ։ Մնացինք միայն օդային ճանապարհների հույսին՝ չունենալով բեռնափոխադրող ավիացիա։
Պատերազմող երկիրն ուներ առաջին անհրաժեշտության ապրանքի դեֆիցիտ և գումարած դրան՝ հացի ընդամենը մի քանի օրվա պաշար։ Սկսել էին հացի անտանելի հերթերը։
Հայաստանը ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության համաձայնագիր ստորագրեց․ Հայաստանը ստանալու էր էներգակիրներ, սննդամթերք և հումք։ Մի քանի շաբաթում կազմակերպվեցին Անապայից մինչև Մինվոդի պահեստներ։ 10 պահեստում հավաքվում էին կարագ, ձեթ, շաքարավազ և Մինվոդի-Երևան չճվերթով բերվում Հայաստան։ Տալոնային համակարգ մտցվեց քաղաքացիների համար՝ ծխախոտի, կարագի, շաքարավազի համար։
Իրանից հաց բերելու փորձերը ձախողվեցին, որովհետև Իրանն ինքը հաց ներկրող էր։ Հացի համար միակ հնարավոր տարբերակը Թուրքիան էր, որը նաև տարածաշրջանում ցորենի պաշար ունեցող միակ երկիրն էր և բացի այդ՝ նրա հետ կար երկաթգծային կապ։ Հայաստանը եվրոպական 38 միլիոն էքյու վարկ ուներ, որը կարող էր օգտագործել հաց ձեռք բերելու համար։ Բայց գումարի ապրանքայնացման համար ժամանակ էր պետք։ Խոսրով Հարությունյանը դիմեց Թուրքիայի վարչապետին։ Հարությունյան-Դեմիրել հեռախոսազրույցի արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն։ Նոյեմբերի 3-ին հացի պաշարները հասան Ախուրյան։ Բերվեց ընդհանուր առմամբ 100 հազար տոննա ցորեն։ Հացը տրվում էր տալոնների միջոցով․ մութուցուրտ տարիների այդ վիճակը հիշում ենք, ու թեև հացի տալոնի համար Խոսրով Հարությունյանը քննադատության էր ենթարկվում, սակայն, նրա պաշտոնանկությունից հետո էլ 1 տարի 10 ամիս այդ համակարգը պահպանվեց։
Մյուս կարևոր խնդիրներից մեկը ավիացիայի վիճակն էր, որը պարզապես խայտառակություն էր բնորոշվում։ Օրինակ, քաղաքացին կարող էր մոտենալ ինքնաթիռին, վճարել տոմսի գումարն ու մտնել ներս, ինչը հատկապես պատերազմող երկրի համար ծայրաստիճան վտագավոր էր։ Այս խնդիրը ևս կարգավորվեց այդ ժամանակ։
Քայլեր արվեցին նաև բեռնատար ավիացիայի համար, ստորագրվեց 2 պայմանագիր, որոնց, սակայն, Խոսրով Հարությունյանի պաշտոնանկությունից հետո ընթացք չտրվեցին։
1992 թվականին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ և ԼՂՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյանի համատեղ հրամանագրով ստեղծվեց Արցախի պետական համալսարանը։ Նրանք համարում էին, որ Արցախում կյանքի նորմալացումը պետք է սկսել կրթությունից։
Ինչո՞ւ պաշտոնանկ արվեց Խոսրով Հարությունյանը․ ինչպես արդեն նշվեց, ի սկզբանե թիմի անդամ չէր, ինչի համար աշխատանքը դժվարությամբ էր գլուխ գալիս կամ այսպես ասած՝ խանգարում էին։ 1993 թվականի պետական բյուջեին ի սկզբանե դեմ էր Խոսրով Հարությունյանը։ Տարօրինակ գուցե թվա, բայց երկրի վարչապետը դեմ էր կառավարության կազմած բյուջեին․ դա այդ սկզբունքային անհամաձայնությունների թվում էր, և խորհրդարանում էլ դեմ խոսեց։ Բյուջեն չընդունվեց։ Տեղի ունեցավ անվտանգության խորհրդի նիստ, և Խոսրով Հարությունյանը հրաժեշտ տվեց պաշտոնին։
Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ է աշխատել 2016թ․սեպտեմբերի 13-ից 2018թ․ մայիսի 8-ը։ Կարեն Կարապետյանը գրեթե ամբողջությամբ փոխեց կառավարության կազմը, պաշտոնի նշանակեց մասնագետների։ Ասաց, թե իր թիմն է բերում, որոնց հետ ինքը հեշտ կաշխատի։ Նրա կառավարությունը ստացավ տեխնոկրատների կառավարություն անունը։
Կարեն Կարապետյանը խորհրդարանում առաջին հարցուպատասխանի ժամանակ անկեղծորեն հայտարարեց, որ մեր տնտեսությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում։ Հենց առաջին տարում խոստացավ 850 մլն դոլարի ներդրումներ։
Բարեփոխումներ սկսվեցին զինված ուժերում, ներդրվեցին նոր համակարգեր, նրա օրոք ներդրվեց բազմիցս քննադատության ենթարկված 1000 դրամների նախագիծը, որը հիմա, սակայն, համարվում է լավ տարբերակ բանակում զոհվածների և վիրավորների ընտանիքներին աջակցության համար։
«Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ժամանակ նախաձեռնել էր «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը զբոսաշրջային գոտու վերածելու ծրագիրը: Ստեղծվել էր «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը, առաջին ներդրողն էլ ինքն էր՝ կես միլիոն դոլարով։
Կարեն Կարապետյանը զարկ տվեց պետական այն գույքի մասնավորեցմանը, որը չէր աշխատում կամ գործում էր վնասով։
Նա նաև աշխատանք տարավ ներկրումների համար․ ներկրման մենաշնորհը հիմնականում վերացան նրա պաշտոնավարման ժամանակ, թեև Նիկոլ Փաշինյանն իրեն է վերագրում դա։ Նաև հանձնաժողովներ ստեղծվեցին կոռուպցիայի դեմ պայքարի համար։ «Մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրում, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք: Վերացրե՛ք պրիմիտիվ գողությունը ձեր համակարգերում, այդ ամեն ինչը կարգի բերե՛ք: Ինձ որ պատմում են՝ ինչ սխեմաներ են անում ուղղակի ֆանտազիայի վրա… Եթե այդ մարդիկ այդ խելքն օգտագործեն այլ տեղերում, հաստատ ավելի արդյունավետ կլինի»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը։
2017 թվականին Կարեն Կարապետյանի կառավարությանը հաջողվեց գրանցել ՀՆԱ 7,5% տնտեսական աճ, որն ամենաբարձրն էր 2007թ-ից ի վեր:
«Մենք այդ շքեղությունը չունենք, որ մինչև հունվարի 8-ը հանգստանանք ու հետո լավ ապրենք»,- ասում էր նա։ Ամանորին հանգստի օրերի քանակը փորձեց կրճատել, սակայն նրան հաջորդած կառավարությունը հակառակ որոշումը կայացրեց։
Կարեն Կարապետյանն այն վարչապետերից էր, որը հանրության մեջ հարցումների արդյունքում միշտ ունեցավ դրական վարկանիշ։
Նիկոլ Փաշինյանը երբեմն մասնակցում է նոր հիմնված կամ մեծացրած ձեռնարկությունների բացման արարողությանը, բայց որևէ անգամ չի նշում, որ դրանցից որոշների հիմքը դրվել է հենց Կարեն Կարապետյանի օրոք։ Նրա խոստացած ներդրումների ու կատարած աշխատանքի արդյունքը զգացվում է միայն հիմա։ Ի դեպ, նրա մեկնարկած որոշ նախագծեր էլ այսօրվա իշխանության ժամանակ սառած վիճակում են՝ փորձի, գիտելիքի, ցանկության բացակայության և այլ պատճառներով։
Անուշավան Դանիելյանը ԼՂՀ վարչապետ է եղել 1999-2008թթ․։ Արցախը խորը և դաժան պատերազմ էր տեսել, ինչը նշանակում է, որ բոլոր ոլորտներն էլ կարիք ունեին վերակառուցման, ինչն արվում էր պատերազմի ավարտից սկսած։ Արցախի տնտեսությունը ևս պատերազմի արդյունքում քայքայվել էր։
Պաշտոնվարման ընթացքում Արցախի Հանրապետության կառավարությունն իրականացրեց խոշոր տնտեսական նախագծեր, ինչպիսիք են Դրմբոնի և Կաշենի հանքավայրերը, հյուսիս-հարավ ավտոմայրուղին, Թրղե-Սարսանգ հիդրոկասկադը, խոշորամասշտաբ գազամատկարարման իրականացում, շուրջ 4 տասնյակ բնակավայրերի հիմնում ազատագրված շրջաններում՝ Ադրբեջանից եկած փախստականների համար։ 2000 թվականին կառավարությունը հաստատեց բազմազավակ ընտանիքներին աջակցության խոշոր ծրագիր, ինչպես նաև պատերազմում զոհվածների ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագիր։ Կազմվեց Շուշիի վերականգման ամբողջ նախագիծը և տրվեց վերականգման մեկնարկը՝ սկսելով քանդված շենքերը մաքրելուց։
1999-2008 թվականներին Արցախի Հանրապետության ՀՆԱ-ն աճեց ավելի քան 3,8 անգամ, բյուջեի եկամուտներն աճեցին 6 անգամ, միջին աշխատավարձն աճեց 5,5 անգամ։
Կարծում ենք՝ թվարկածը, որը նրանց աշխատանքի ընդամենը փոքրիկ մասն է, բավական է, որ հիշենք, թե ի՞նչ են արել մեր երկու երկրների համար նախկին վարչապետները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը