24.04.2020 թվականի ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնում անձնական խուզարկության է ենթարկվել փաստաբան Արման Արզումանյանը: ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հեռավար նիստ է անցկացրել եւ հրապարակել եզրակացություն:
Եզրակացության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ, նաեւ՝ Պալատ) փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), մասնակցությամբ՝ համակարգող Գեւորգ Մկրտչյանի, անդամներ՝ Արմինե Ֆանյանի, Դիանա Շախրամանյանի, Էմին Բեգլարյանի, Ռոման Ահարոնյանի, Արսեն Մկրտչյանի եւ ներկայությամբ՝ փաստաբան Արման Արզումանյանի, ուսումնասիրելով վերջինիս կողմից ներկայացված դիմումը եւ տեսանյութը, ինչպես նաեւ լսեց նիստի ընթացքում տրված բանավոր բացատրությունները՝ իրեն ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնում (այսուհետ` Բաժին) 24.04.2020թ. անձնական խուզարկության ենթարկելու փաստի վերաբերյալ, արձանագրել է, որ.
1) հետաքննության մարմինը, տվյալ դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմին չի հանդիսացել,
2) առերեւույթ բացակայել է անձին բերման ենթարկելու մասին որոշումը, քանի որ այն չի ներկայացվել փաստաբանին, ինչպես նաեւ վերջինիս վստահորդին,
3) բացակայել է նաեւ քրեական վարույթն իրականացնող մարմնի` քննիչի հանձնարարությունը, իր վարույթում քննվող քրեական գործով իրականացնել բերման ենթարկելու որոշման պահանջը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ),
4) փաստաբան Արման Արզումանյանի վստահորդը Բաժին է բերման ենթարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի պահանջների խախտմամբ,
5) փաստաբան Արման Արզումանյանն անձնական խուզարկության է ենթարկվել «Փաստաբանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի երաշխիքների խախտմամբ` իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս, երբ փորձել է կանխել իր վստահորդի իրավունքների առերեւույթ խախտումները,
6) փաստաբան Արման Արզումանյանը կանգնած է քրեական հետապնդման ենթարկվելու վտանգի առաջ` իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ինչի արգելքն ուղղակիորեն նախատեսված է Օրենքի 21-րդ հոդվածով,
7) փաստաբան Արման Արզումանյանին անձնական խուզարկության ենթարկելը չի հետապնդել իրավաչափ նպատակ եւ ուղղված չի եղել բացառապես վերջինիս վստահորդի բջջային հեռախոսը վերցնելուն, քանի որ, անգամ դրա տեղը մատնանշելուց եւ ոստիկանների կողմից այն վերցնելուց հետո, փաստաբանի անձնական խուզարկությունը շարունակվել է, որի արդյունքում վերջինիս գրպանից հանվել է նաեւ նրա անձնական բջջայինը, ստուգվել է գրպանների ամբողջ պարունակությունը,
8) հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոչընդոտել հնարավոր է միայն քրեական հետապնդման մարմնի օրինական գործունեությանը` փաստաբան Արման Արզումանյանի արարքը չի կարող պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ:
Հանձնաժողովը, վկայակոչելով նաեւ համապատասխան իրավակարգավորումները հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.
- ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն անթույլատրելի է համարում փաստաբանական գործունեության օրենսդրական երաշխիքների ցանկացած սահմանափակում եւ խստորեն դատապարտում ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնում ոստիկանների կողմից, իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն իրականացնելիս փաստաբան Արման Արզումանյանին անձնական խուզարկության ենթարկելը:
- ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խստորեն դատապարտում է փաստաբան Արման Արզումանյանի նկատմամբ իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու ցանկացած նախաձեռնություն եւ քրեական հետապնդման մարմիններին հորդորում է զերծ մնալ փաստաբանական գործունեությանը որեւէ կերպ ապօրինի միջամտելուց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը