Վարսավիրանոցներում և գեղեցկության սրահների այլ ծառայությունների մատուցման վայրերում սպասարկումը պետք է իրականացվի բացառապես նախապես հեռախոսով կամ առցանց հերթագրման դեպքում: Միաժամանակ անհրաժեշտ է պահպանել հաճախորդների սպասարկման միջև առնվազն 20 րոպեանոց ընդմիջումներ: Այս մասին գրված է պարետի որոշման մեջ, որը վերաբերում է վարսավիրանոցներում և գեղեցկության սրահների այլ ծառայությունների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման անվտանգության կանոններին։
Ըստ որոշման՝ վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում յուրաքանչյուր այցելուից հետո պետք է իրականացվի բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ: Յուրաքանչյուր այցելուից հետո պետք է իրականացվի օգտագործված գործիքների ախտահանում՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչներով:
Արգելվում է սպասարկող անձնակազմից և հաճախորդից բացի այլ անձանց մուտքը վարսավիրանոցների և գեղեցկության սրահների տարածք: Անհրաժեշտ է բացառել սրահում մարդկանց կուտակումները և հերթերը:
«Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում և տվյալների գրանցում գրանցամատյանում: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 համարով»,- ասվում է ուղեցույցում:
Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների անձնակազմերի համար նախատեսված կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատակցի՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ: Աշխատակիցների աշխատատեղերի միջև պահպանվում է սոցիալական հեռավորություն՝ առնվազն մեկուկես մետր: Ընդմիջման ընթացքում արգելվում է աշխատանքային վայրը լքելը:
«Աշխատանքի ժամանակ անձնակազմը կրում է պաշտպանիչ ձեռնոցներ և մեկանգամյա օգտագործման դիմակ (բժշկական), որը փոխվում է 3-4 ժամը մեկ: Մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում: Սպասարկման ժամանակ հաճախորդների միջև անհրաժեշտ է ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն»,- նշված է որոշման մեջ։
Ըստ ուղեցույցի՝ աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի ախտահանում, մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող այլ պարագաները։ Սրահում իրականացվում է օդափոխություն յուրաքանչյուր 2 ժամը մեկ կամ յուրաքանչյուր այցելուից հետո:
Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների մատուցման վայրերում ղեկավարության կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը