Անահիտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ծննդյան օրն է…զինվորական, ով կանգնած է Հայկական բանակի կայացման և ամրապնդման ակունքներում: Ծնված լինելով Վրաստանում, ապրելով, ծառայելով Բելառուսում և Աֆղանստանում, անցնելով բավական լուրջ ճանապարհ՝ ի վերջո եկավ Հայաստան այն ժամանակ, երբ Հայրենիքն առավել էր զգում իր կարիքը՝ 1992 թվականին: Խաչատուրովն անձամբ է մասնակցել Գորիսի մոտոհրաձգային գնդի, Տավուշի մոտոհրաձգային բրիգադի, 1-ին և 4-րդ բանակային կորպուսների ձևավորմանն ու կայացմանը: Նրա հրամանատարությամբ իրականացված ռազմական գործողությունների արդյունքում բացվել է Արծվաշենից մինչև Ճամբարակ միջանցքը, ինչի շնորհիվ տարհանվել է մեծաքանակ հայ բնակչությունը: 1992 թ. դեկտեմբերին Խաչատուրովի հրամանատարությամբ Զանգելանի շրջանում տեղակայված թշնամու մոտ մեկ տասնյակ ռազմական հենակետ ոչնչացվեց, որի արդյունքում բացվեց դեպի Ծավի ենթաշրջանի 6 գյուղ տանող ճանապարհը, իսկ թշնամին զրկվեց Կապանը ուղիղ նշանառությամբ հրետանակոծելու հնարավորությունից: Թերևս հենց այս հաղթանակը հնարավորության տվեց հասնել Քարվաճառի ազատագրմանը: Խաչատուրովի հրամանատարությամբ 1993 և 1994 թվականներին՝ 2 անգամ, ազատագրվեց Քարվաճառը, որտեղ և ծանոթացան 2 մեծ հայերը՝ Մոնթեն և Խաչատուրովը … նրանց պատմական հանդիպումը կայացավ, որովհետև 2 տարբեր կողմերից ազատագրել էին Քարվաճառը և հանդիպել իրար: Խաչատուրովը մշտապես հրամանատարությունը իրականացրել է ոչ թե շտաբից, այլ՝ սահմանից: Նա էր այդպես ուզում: Այսօր, ցավոք, ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ ամեն ոք փորձ է անում քննադատել, երբեմն, նույնիսկ, անվանարկել հերոսին, որին պետք է բացառապես մեծարել, պետք է նրա օրինակով դաստիարակել մեր սերունդներին: Սկսվել է դատավարություն, որին, որպես մեղադրյալ, ներգրավված է նաև գեներալ-գնդապետ Խաչատուրովը: Խաչատուրովը, ով իր կյանքն է վտանգի ենթարկել, որպեսզի այսօրվա դատավորները, պատգամավորները և այլ պաշտոնյաներ ապրեն խաղաղության պայմաններում, թիկնեն բազկաթոռներին և քննեն իրեն: Շնորհավոր ծնունդդ, ՀՐԱՄԱՆԱՏԱՐ…Ձեզ առողջություն և համբերություն…
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը