30 04 2020

«Բուսաբանական այգու» վարձակալության տրված տարածքները օգտագործվել են դրանց գործառնական նշանակությանն անհամապատասխան

«Բուսաբանական այգու» վարձակալության տրված տարածքները օգտագործվել են դրանց գործառնական նշանակությանն անհամապատասխան

ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված «ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության տրման գործընթացի մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը: Դրանց կապակցությամբ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ կոռուպցիոն բնույթի չարաշահման հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ:

Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը, մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ին մշտական օգտագործման իրավունքով պատկանող ք. Երևան, Աճառյան փողոց, թիվ 1 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» է, իսկ գործառնական նշանակությունը՝ «բուսաբանական այգի կազմակերպելու»:

2016թ. ՊՈԱԿ-ը «Լ... Գ...» ՍՊԸ-ի հետ մեկ տարի ժամկետով կնքել է 1000 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր, որի ժամկետը յուրաքանչյուր տարի երկարացվել է ընդհուպ մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների իրականացրած տեղատեսությամբ պարզվել է, որ ՍՊԸ-ն նշված հողամասն օգտագործում է շինանյութի առուվաճառքի գործունեություն իրականացնելու նպատակով, ինչը չի համապատասխանում այդ հողատարածքի՝ «բուսաբանական այգի կազմակերպելու» գործառնական նշանակությանը:

Չնայած կնքված վարձակալության պայմանագրով նախատեսված է եղել, որ տարածքը դրա նշանակության էական կամ բազմակի խախտումներով օգտագործվելու դեպքում վարձատուի պահանջով պայմանագիրը կարող է դատական կարգով վաղաժամկետ լուծվել, սակայն ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել այդ և տարածքը հետ վերադարձնելու ուղղությամբ:

ՊՈԱԿ-ը մեկ այլ՝ «Ք... Գ...» ընկերության հետ 2011թ. դեկտեմբերի 30-ին կնքվել է 3000 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր՝ կանաչապատման նպատակով, որի ժամկետը երկարացվել է մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը: 2020թ. մարտի 12-ի դրությամբ, սակայն, այդ տարածքը առանձնացված է բետոնե հիմքով քարե հիմնական պարիսպով, իսկ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո տարածքը չի վերադարձվել ՊՈԱԿ-ին: Պարզվել է, որ ընկերությունը նշված տարածքում ծավալել է մրգերի և բանջարեղենի մանրածախ առևտրի գործունեություն: Այսինքն տվյալ դեպքում ևս, չնայած հողատարածքը չի օգտագործվել պայմանագրով նախատեսված՝ «բուսաբանական այգի կազմակերպելու» գործառնական նշանակությանը համապատասխան, ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք այս դեպքում էլ միջոցներ չեն ձեռնարկել պայմանագիրը լուծելու ուղղությամբ:

Պարզվել է նաև, որ խախտելով ՀՀ կառավարության 22.02.2001թ. և 24.12.2003թ. որոշումների պահանջները՝ նշված հողատարածքը ՍՊԸ-ին վարձակալության է հանձնվել ամսական 62.000 դրամով, որը հետագայում փոփոխվել է՝ սահմանելով տարեկան 1,2մլն դրամ (ամսական 100.0 հազ. դրամ):

Մինչդեռ, ՀՀ կառավարության նշված որոշումների պահանջները պահպանելու դեպքում տարածքի վարձավճարը պետք է կազմեր կրկնակի ավելի՝ տարեկան առնվազն 2,5 մլն դրամ կամ ամսական շուրջ 209 հազ. դրամ:

Այսինքն վարձակալության հանձնված հողատարածքի վարձավճարը պակաս է հաշվարկվել և գանձվել ընդհանուր մոտ 12մլն ՀՀ դրամի չափով՝ ՊՈԱԿ-ին պատճառելով նույնքան վնաս:

Նկատի ունենալով, իրականացրած մշտադիտարկման և ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ