29 04 2020

Վարակը վերադարձել է Էջմիածին. Նոր օջախ է ձևավորվում

Վարակը վերադարձել է Էջմիածին. Նոր օջախ է ձևավորվում

Նոր կորոնավիրուսը վերադարձել է Վաղարշապատ ու կարծես նոր  օջախ է այնտեղ  ձևավորվել: Երեկ 7 բուժաշխատողի մոտ հաստատված դեպքով շտապօգնությունը Երևան է տեղափոխել Վաղարշապատի ինֆեկցիոն կենտրոնի աշխատակիցներին, մյուսները՝ մեկուսացված են:

Որպես կոնտակտավոր, ասում են, մեկուսացված է նաև ինֆեկցիոնի պետ Մելսիդա Չիլինգարյանը, ով, ի դեպ, Վաղարշապատի քաղաքապետ Դիաննա Գասպարյանի մայրն է: Արդյո՞ք ինքն էլ մեկուսացված և չի ժամանում աշխատանքի, փորձեցինք տեղեկատվության մասին պարզաբանում ստանալ քաղաքապետ Դիաննա Գասպարյանից: Վարակի նոր օջախի մասով չհերքեց քաղաքապետը, բայց ավելին չցանկացավ ասել՝ պատճառաբանելով, որ իր վարչական տարածքում տեղի ունեցածի մասին չի կարող մեկնաբանել, քանի որ Վաղարշապատի հիվանդաոցը և ինֆեկցիոն  կենտրոնն իր կուրացիայի տակ չեն, դրանց նկատմամբ հսկողությունն իրականացնում է մարզպետարանը և ԱՆ-ն:

Ինչ վերաբերում է Էջմիածինը հեռավար կառավարելուն, հրաժարվեց պատասխանել։ Իսկ իր մայրիկի մեկուսացման առնչությամբ լուրը քաղաքապետը հերքեց: 

Էջմիածնում վարակի նոր օջախի մասին ինֆորմացիան չհերքեց նաև Պարետատունը:  

YerevanToday –ին տված լղոզված պատասխանում նշվում է. «Այլևս բուժկենտրոների հետ կապված տեղեկատվության տրամադրումը առանձին չի լինում, քանի որ բոլոր բուժհաստատություներում էլ հնարավոր են վարակի նոր դեպքեր, առավել ևս՝ բուժանձնակազմի մոտ: Ուստի տեղեկացնում ենք, որ բոլոր հիվանդները, այդ թվում բուժանձնակազմից վարակման դեպքերով՝ անմիջապես տեղափոխվում են համապատասխան բուժկենտրոններ, նրանք գնտվում են  լուրջ վերահսկողության տակ և ստանում են բուժսպասարկում՝ հավասարպես»: 

Սյուզի Բադոյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ