27 04 2020

Միայն տանը մնալով այլևս հարցը չի լուծվի. Գևորգ Գրիգորյան

Միայն տանը մնալով այլևս հարցը չի լուծվի. Գևորգ Գրիգորյան

Առողջապահության նախարարը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մեր հայրերին, մայրերին, պապիկներին և տատիկներին պաշտպնելու համար պետք է մնանք տանը... Այո՛, համամիտ եմ նախարարի այս կոչի հետ, բայց մի բան կա, որ ինձ համար մնում է անհասկանալի` մարտի սկզբին, երբ մեր երկրում արդեն կար կորոնավիրուսի հաստատված դեպք, ինչու նախարարը նման ջանասիրությամբ չէր համոզում վարչապետին, որ դադարեցնի կեղծ օրակարգի քարոզարշավը և մնա տանը, որպեսզի պաշտպանի, թեկուզ և իրենց ընտրած, բայց այս հարցում անմեղ ժողովրդին: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Բացատրությունը մեկն է` չգիտեր, որ կարող ենք հասնել այս իրավիճակին և հենց ինքը լինի այս իրավիճակի գլխավոր պատասխանատուն, չգիտեր որ այդքան մարդու կյանք և առողջություն կմնա իր խղճին... Չգիտեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվ պատճառների մեջ մտնում է վարակի նոր լինելը` նոր վարակների մասին քիչ են իմանում բոլորը:

Իսկ այ սուբյեկտիվ պատճառը այն է, որ սեփական էգոն` սեփական հանցավոր ինքնավստահությունը, ամեն ինչ իմանալու թվացյալ զգացողությունը և տեղեկատվության պակաս ունեցող ժողովրդին մոլորեցնելու իշխանական հնարավորությունը չկարողացավ մի կողմ դնել հանուն բնակչության առողջության և իր պաշտոնական առաքելության: Այստեղ է իրականությունը, այստեղ է պատճառը, որ մեր երկիրը այսօր գտնվում է այս իրավիճակում, այստեղ է մեղքի բաժինը և այստեղ է նաև լուծումը...

Այն ժամանակ էր պետք կոչեր անել, այլ ոչ թե հիմա, երբ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել և միայն տանը մնալով այլևս հարցը չի լուծվի...

Իսկ հիմա, երբ հնարավորություն է ընձեռնվել նվիրատվության և բյուջեի գումարները անվերահսկելի կերպով ծախսել (առանց որևէ դրական արդյունք արձանագրելու) ու դրա հետ մեկտեղ իր ապիկար աշխատանքի իրական պատկերը թաքցնել` պատսպռվել է «արտակարգ դրության» հետևում ու կոչեր է անում...

Մեկը չկա՞, որ հարցնի` բա էտ «ոչ այդքան վտանգավոր» վարակից ինչու՞ ես ուզում պաշտպանվել... մեկը չկա՞, որ հարցնի` բա որ պաշտպանում ես, ինչպե՞ս է ստացվում, որ օրական տասնյակներով նոր դեպքեր են գրանցվում... Հ.Գ. ես դեռ սպասում եմ արտակարգ դրության ավարտին... #մնացեք_առողջ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ