ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ մեծ թվով մեր քաղաքացիներ այս օրերին շարունակում են նախընտրել մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ առաջացնելով նաև կուտակումներ, որոնք ՌԴ կառավարության կողմից ներդրված առողջապահական անվտանգության միջոցառումների խախտում են։
«Այս առնչությամբ այսօր դեսպանությանն է կրկին դիմել «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը՝ արձանագրելով, որ քաղաքացիների՝ օրեր շարունակվող կուտակումներն արդեն իսկ խնդրահարույց իրավիճակ են ստեղծել օդանավակայանի տարածքում՝ խախտելով քաղաք Մոսկվայում և Մոսկվայի մարզում սահմանված կարանտինային ռեժիմի պահպանման կանոնները։
Մասնավորապես, օդանավակայանի համապատասխան ծառայություններն այս օրերին արձանագրել են սահմանված կարանտինային ռեժիմի դրույթների խախտման բազմաթիվ դեպքեր, որոնք մեծամասամբ կապված են սոցիալական հեռավորություն չպահպանելու և առողջապահական անվտանգության այլ միջոցառումներ չիրականացնելու հետ։
Ելնելով վերոնշյալից և հնարավոր վարչական պատասխանատվության կիրառումը բացառելու անհրաժեշտությունից՝ օդանավակայանի ղեկավարությունը իր խնդրանքն է փոխանցել ՌԴ-ում ՀՀ դեսպանություն՝ հերթական անգամ հորդորելու ՀՀ քաղաքացիներին հնարավորինս սեղմ ժամկետում լքել օդանավակայանի տարածքը։
Այս առումով կրկին խնդրում և հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ օդանավակայանում գտնվելուց և առաջիկա չվերթին սպասել այլ վայրերում։ Կրկին կոչ ենք անում կեցության խնդիր ունեցող քաղաքացիներին օգտվել դեսպանության կողմից հատկացված հյուրատներ տեղափոխվելու հնարավորություններից։
Կրկին նշենք, որ առաջիկայում Մոսկվայից դեպի Հայաստան թռիչք չի նախատեսվում։ Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվություն ունենալուն պես կհայտնենք լրացուցիչ»,- ասված է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը