13 04 2020

Ինչպես են մեզ «չիպավորում»՝ օգտվելով կորոնավիրուսից․ Սամվել Մարտիրոսյան



Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, մեկնաբանելով այս օրերին քննարկվող ամենատարածված թեմաներից մեկը, թե կորոնավիրուսի թեստավորմանը  զուգընթաց՝ չիպեր են տեղադրվում մարդկանց օրգանիզմում, նշում է, որ այդ խոսակցությունները զավեշտալի են։

«Պետք է ողջամիտ լինենք, պետք չէ ամեն վախենալու երևույթներին հավատալ», ասել է մեդիափորձագետը, նշել, թե մարդիկ խոսում են նաև պատվաստման ընթացքում չիպավորման մասին: «Նախ պատվաստանյութը գուցե մեկ տարի հետո ստեղծվի։ Չիպավորման և կոդավորման մասին խոսակցությունները վաղուց կան, ինչպես օրինակ, երբ սոցքարտը ներմուծվեց Հայաստան, ասում էին, որ սա ևս չիպավորման համար է», հիշեցրել է Սամվել Մարտիրոսյանը, վստահեցրել, որ չիպավորման մասին  խոսակցություններ պարբերաբար ծավալվում են, և  կորոնավիրուսի տարածումն առիթ էր, որ նման խոսակցությունները դարձյալ տարածվեն:

«Կան արդյո՞ք չիպավորելու հնարավորություններ, կամ հնարավոր է արդյո՞ք մարդու մեջ ռոբոտներ մտցնել, որ նա չիմանա: Այս խոսակցություներն արդեն տարօրինակ չեն, այլ զավեշտալի են, որովհետև ձեզ վերահսկելու համար արդեն վաղուց ավելի հեշտ և էժան գործիքներ կան»,-ասել է նա եւ օրինակ բերել բջջային հեռախոսները:

Մեդիափորձագետը նշում է՝ հեռախոսը՝ հենց այդ չիպն է, որոնցով մարդիկ  պարբերաբար տեղեկացնում են օպերատորին իրենց գտնվելու վայրի մասին, ակամա հայտնում են, թե ում են զանգել եւ այլ մանրամասներ: «Հենց հիմա էլ այդ համակարգը գործում է, որպեսզի բացահայտեն  վարակակիրներին և նրանց հետ շփում ունեցողներին, և հեչ պետք չէ մարդկանց տարբեր խոռոչներից չիպեր «ներմուծել»», ասել է մեդիափորձագետը, բերել նաեւ սոցիալական հարթակի օրինակը։

Ըստ նրա՝  նույնիսկ ֆեյսբուքյան էջ ունենալն արդեն բավարար է, որպեսզի ասեն՝ ոչ մի չիպ պետք չէ, քանի որ այն ամբողջությամբ հսկողության տակ է վերցնում մարդու բոլոր քայլերը:

«Տեսախցիկները ևս, մեզ կարող են հսկել: Դեռ Հայաստանում այս ամենը բարվոք վիճակում է, մեր օրենսդրությունը մեզ պաշտպանում է, որովհետև մենք դեմոկրատական երկիր լինել ենք ուզում: Բայց կան երկրներ, որտեղ այս չիպավորում ասվածը պետք չէ և այն գործում է ավելի հստակ ու կոնկրետ»,- ասել է նա:

Սամվել Մարտիրոսյանը վստահեցրել է, որ չիպերից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առկա համակարգերից, որոնք անվերահկելի են աշխատում: «Պետք չէ պարանոիդալ վիճակների մեջ ընկնել», խորհուրդ է տվել մասնագետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ