Top-news.am-ը գրում է. Դեռ կան մարդիկ, որոնք սպասում են կորոնավիրուսով վարակվածների մասին պաշտոնական հաղորդագրությանը: Ավելին, նրանց մի մասն իր պարտքն է համարում այդ թվերը հրապարակել նաեւ ֆեյսբուքյան իր էջում: Դեռ կան մարդիկ, որոնք սարսափում են անգամ մոտակա խանութ գնալ եւ մնում են տանը: Դեռ շատ են նրանք, որոնք վստահ են, որ Իտալիայում ամեն օր կորոնավիրուսից հարյուրավոր, անգամ հազարավոր մարդիկ են մահանում: Շատ են նաեւ նրանք, որոնք հավատում են, որ հրազենային վնասվածքով մարդը մահանում էչ թե ստացած վերքերից, այլ հենց կորոնավիրուսից:
Հիմա այսպես է, բայց կան նաեւ մարդիկ, որոնց մոտ հարցեր են առաջանում, որոնք, ամենայն հավանականությամբ, մնալու են անպատասխան: Այսպես, ո՞ր տրամաբանությամբ էր մինչ օրս արգելվել գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնաբուծության, ձկնորսության, հանքարդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման, էլեկտրաէներգիայի, գազի, ջրամատակարարման ոլորտների գործունեությունը եւ ո՞ր տրամաբանությամբ է այն թույլատրվելու այսօրվանից:
Իսկապես, ի՞նչ է փոխվել: Ոչինչ: Ինչպես պնդում էիք, որ կորոնավիրուսը վխտում է, այնպես էլ շարունակում է վխտալ, եւ որ ամենակարեւորն է՝ ասում եք, որ այն անվերահսկելի է:
Ի վերջո ո՞վ է պատասխանելու այս հարցին, թե ինչո՞ւ էին այս ոլորտների գործունեությունն արգելված, եւ ինչու է հիմա թույլատրելի:
Պատրաստվում են ապրիլի 20-ից թույլատրել տեքստիլ արդյունաբերության գործունեությունը: Եւ կրկին հարցեր. ի՞նչ գիտեք, թե ապրիլի 20-ին համավարակային վիճակն ինչպիսին է լինելու, եւ ինչու էիք մինչ օրս արգելել այս ոլորտի գործունեությունը:
Վերջապես, ո՞վ էր որոշել, որ այս ընթացքում, օրինակ, հսկա սուպերմարկետները կարող էին գործել, իսկ ահա տնտեսական խանութները՝ ոչ, եւ ինչու դրանք պետք է աշխատեն հենց ապրիլի 20-ից եւ ոչ այսօրվանից:
Եւ եթե մտադիր եք թույլատրել այս ոլորտների գործունեությունը, ապա ո՞րն է արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման իմաստը՝ այն էլ մեկ ամսով:
Արդեն իսկ պարզ է, որ այսօրվանից թույլատրվելու է տնտեսական գործունեությունը մշակող արդյունաբերության հատվածում, ծխախոտային արտադրատեսակների ոլորտում, ցեմենտի, կրի, գիպսի եւ գաջի արտադրության հատվածում: Միաժամանակ թույլատրվելու է բետոնից, ցեմենտից եւ գիպսից շինվածքների արտադրությունը, ինչպես նաեւ մետաղե կոնստրուկցիաների եւ դրանց մասերի արտադրությունը:
Եւ կրկին հարցեր ու հարցեր: Օրինակ, ինչով է անվտանգ ծխախոտի արտադրությունը, իսկ ինչով վտանգավոր հրուշակեղենի արտադրությունը կամ տնտեսական խանութների աշխատանքը:
Ամենակարեւոր հարցը՝ ո՞վ է պատասխան տալու այս ընթացքում տնտեսությանը ծանր հարված հասցնելու համար: Ո՞վ է ապացուցելու, որ այս կաթվածահար վիճակը նպաստեց վիրուսի տարածման կանխարգելմանը:
Հայաստանն, անկասկած, չպետք է գնար այն ճանապարհով, որն ընտրեցին աշխարհի գերհզոր երկրներից շատերը, քանի որ մենք, մեղմ ասած, աղքատ երկիր ենք՝ թույլ տնտեսությամբ: Մենք պետք է ընտրեինք շվեդական տարբերակը: Եւ հիմա պետք է ամբողջովին հրաժարվել կարանտինից, վերադառնալ նորմալ կենսագործունեության եւ փորձել շտկել իրավիճակը, չնայած դա շատ-շատ դժվար է լինելու:
Շվեդիան կարանտին չունի ու ավելի վատ վիճակում չէ, քան մյուս երկրները: Դժվար է ասել, թե ինչու Հայաստանի կառավարությունը գնաց տնտեսությունը ոչնչացնելու, մարդկանց աղքատացնելու ճանապարհով եւ անգամ չքննարկեց շվեդական տարբերակը, իսկ հիմա ընտրովի մոտեցում է ցուցաբերում, առաջացնելով բազմաթիվ հարցեր:
Ի դեպ, 2008-2009 թվականների ճգնաժամը մենք, մեծ հաշվով այդպես էլ չհաղթահարեցինք, իսկ թե ի՞նչ է մեզ սպասվում այս ճգնաժամից հետո, արդեն իսկ պարզ է, բայց ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար, արդեն այդքան էլ պարզ չէ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը