Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարում է․ «Արտակարգ իրավիճակների նախարարությունը հավատարիմ է մնում իր առաքելությանը։
ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները գործում են ուժեղացված կարգով, որպեսզի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներին զուգահեռ հնարավոր լինի արձագանքել քաղաքացիների բոլոր ահազանգերին։
Ստեղծվել են պահեստային խմբեր։
Անհրաժեշտության դեպքում նրանք կներգրավվեն հրդեհաշիջման կամ կենցաղային այլ կանչերի սպասարկման գործում՝ որպես լրացուցիչ ուժեր։
Արտակարգ իրավիճակների նախարարությունն ակտիվ աշխատանք է իրականացնում կորոնավիրուսի դեմ պայքարում, գործակցում է բոլոր գերատեսչությունների հետ։
Վերջին օրերին ծանրաբեռնվածությամբ են աշխատում հատկապես ՓԾ փրկարարական վարչությունները, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը, Բուժապահովման վարչությունը և Հոգեբանական աջակցության բաժինը։
Գործառույթների ծավալի ավելացումը որևէ կերպ չի ազդում որակի վրա»։
Նշենք, որ օրերս մամուլը գրել էր, որ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը որոշել է աշխատել տանից, կառավարության նիստի ավարտից հետո տուն է գնացել, քանի որ նախարարի տարիքը ռիսկային խմբում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը