Ազգային ժողովը պատգամավորներներն ու աշխատակազմի աշխատակիցները չեն թեստավորվել, կորոնավիրուսի թեստ հանձնել են միայն Արցախ մեկնած պատվիրակության անդամները։ Այս մասին այսօր «Փաստինֆո»-ին հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։
Նշենք, որ օրերս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Արցախի ընտրությունների համար դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԱԺ պատվիրակությունը մինչ Արցախ մեկնելը թեստավորվել է, ռապիդ թեստերը երկու գործընկերոջ մոտ դրական պատասխան են արձանագրել, սակայն կրկնակի թեստավորման արդյունքները եղել են բացասական, նրանցից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։
Այս հայտարարությունից հետո ԱԺ մի շարք պատգամավորներ ապահովությունից ելնելով սեփական նախաձեռնությամբ թեստավորում անցան ու այդ մասին տեղեկացրին ֆեյսբուքյան էջում լուսանկարներ տեղադրելով։
Նշենք նաև, որ մինչ այս ԱԺ-ում թեժ բանավեճ էր նիստերի անցկացման վերաբերյալ։ Պատգամավորներից մի քանիսը գտնում էին, որ արտակարգ դրության պայմաններում վտանգավոր է ԱԺ նիստեր գումարելը, քանի որ նիստերն անցնում են փակ տարածքում, իսկ պատգամավորների թվաքանակը բավականին մեծ է։
Ավելին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ պատգամավորներից երկուսը Ֆրանսիայից են վերադարձել։
ԱԺ աշխատակազմի ղեկավարից հետաքրքվեցինք նաև, թե արդյոք պատվիրակության երկու անդամները (որոնց մոտ սկզբում կորոնավիրուս հայտնաբերվել էր, սակայն հետո հերքվել էր), այդուհանդերձ մեկնել են Արցախ ու դիտորդական առաքելություն իրականացրել։
Մեր հարցին Գալստյանը պատասխանեց ասելով՝ «Բոլորի մոտ կորոնավիրուսի առկայությունը հերքվել է։ Նաև նրանց մոտ, ովքեր ռապիդ թեստով անցել են ու դրական արդյունք է եղել, նրանց մոտ արդյունքը երկարաժամկետ թեստով հերքվել է։ Նրանք ներկայանում են աշխատանքի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը