Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումն ուղղված է փոքր բիզնեսին: Այս մասին մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով, այս գործիքի շահառուներ են լինելու այն անձինք և կազմակերպությունները, որոնք 2019-ի ընթացքում ունեցել են 24-500 մլն դրամի շրջանառություն:
Նախարարը նշեց, որ պայմանն այն է, որ նրանք պետք է 2019-ին օրինապահ հարկատու եղած լինեն, ունեցած չլինեն ժամկետանց վարկային պարտավորություն:
«Այս կազմակերպությունները կարող են 2019 թվականին իրենց ունեցած ամբողջ իրացման շրջանառության 10 տոկոսի չափով կարող են վարկ վերցնել՝ պետական ֆինանսավորման հաշվին: Այսինքն ըստ էության, դա տեղի է ունենում ավտոմատ եղանակով, բանկերը որոշող չեն, քանի որ նրանք վարկի վերադարձելիության որևէ ռիսկ իրենց վրա չեն վերցնում: Կազմակերպությունը դիմում է պետական միջոցներով ֆինանսավորման համար ներկայացնելով միայն տվյալ բիզնեսի շահառու ֆիզիկական անձի անձնական երաշխավորությունը»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
Նա հավելեց, որ այդ վարկերը կարող են օգտագործվել, եթե վճարվում են աշխատակիցներին աշխատավարձ երեք ամիսների համար, յուրաքանչյուր աշխատակցին 300 հազար դրամի սահմաններում, եթե վճարում են հարկեր և տուրքեր, եթե ներմուծվում է հումք սեփական արտադրության համար:
«Այս գործիքով կարող են 2,4 մլն դրամից մինչև 50 մլն դրամի վարկավորման համար դիմել: Վարկավորումը մինչև 36 ամսով է, որից առաջին երկու տարվա համար տոկոսադրույքը կլինի զրո: Այն ֆիզիկական անձինք, որոնք հանդես կգան երաշխավորի դերում, պետք է բարձր վարկունակության պատմություն ունենան»,-ընդգծեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը