24 03 2020

Բացահայտվել է ավելի քան 731 մլն դրամի հարկեր չվճարելու դեպք․ ՀՔԾ

Բացահայտվել է ավելի քան 731 մլն դրամի հարկեր չվճարելու դեպք․ ՀՔԾ

Ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի գնման` 2018-2019 թթ․ գործընթացներում ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։

Մասնավորապես, Ա. Վ.-ն ՀՀ ոստիկանությանը պետհամարանիշերի հաշվառման համարանիշեր մատակարարած ընկերության բաժնետերերից մեկը հանդիսացող արտասահմանյան ընկերությունից իր ղեկավարած երկու ընկերությունների անվամբ 2011-2019 թթ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ստացել է ընդհանուր շուրջ 3,3 միլիոն ԱՄՆ դոլար գումար, որը չի արտացոլել օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերում: Այդ կերպ Ա. Վ.-ն նշված ժամանակահատվածում չի վճարել շահութահարկի և եկամտային հարկի գծով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերի՝ 731 241 054 ՀՀ դրամի հարկեր /տույժ-տուգանքով՝ 1 528 073 858 ՀՀ դրամ/:


Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Ա. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


Ինչպես արդեն տեղեկացվել է, նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնատար անձանց` ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր երկու ընկերությունների միջև մրցակցությունը սահմանափակելու, ընկերություններից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու եղանակով հակամրցակցային գործունեություն ծավալելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ