Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը հրապարակայնորեն կոչ է անում «մաքրել դատական համակարգը», այնուհետև «մաքրել չորրորդ իշխանությունը»: ԿԳՄՍ նախարարի, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի և ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ուշադրությունն ենք հրավիրում փաստի վրա, որ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը հրապարակայնորեն զբաղված է ակադեմիական ազատության սահմաններն անցնող քաղաքական քարոզչությամբ:
Հատկապես մտահոգեցուցիչ է, որ պետական ակադեմիական հաստատության դեկանի պաշտոն զբաղեցնողը ազատ խոսքի և լրատվամիջոցների գործունեության վերաբերյալ հրապարակայնորեն գռեհիկ մտքեր է հայտնում և 1930-ականների բոլշևիկներին ու գերմանական նացիոնալ-սոցիալիստներին հարիր կոչեր է անում:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանից և ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից կարգի հրավիրել ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանին ու նրա հետ բացատրական աշխատանքներ տանել հետագայում բացառելու համար լրատվամիջոցների գործունեության և ազատ խոսքի նկատմամբ հարձակումները:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ ուշի ուշով հետևելու է բարձրագույն ուսումնական հաստատությունների քաղաքականացման ու լրատվամիջոցների գործունեությանը խոչընդոտելու փորձերին և գործընթացի մասին տեղյակ է պահելու հանրությանն ու միջազգային կազմակերպություններին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը