02 03 2020

Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք չի արձանագրվել

Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք չի արձանագրվել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 2-ին առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում շրջայց է կատարել Ստեփանակերտի և Շուշիի բուժհիմնարկներ, ծանոթացել հիվանդասենյակների պայմաններին և առկա հնարավորություններին։ Այս մասին տեղեկանում է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Այցի ընթացքում ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Բազիյանը հավաստիացրել է, որ հիվանդանոցը տեխնիկապես վերազինված է, ապահովված անհրաժեշտ դեղորայքով:

Խոսելով սուր շնչառական հիվանդությունների մասին՝ Կ. Բազիյանը նշել է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ նվազել է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժվող հիվանդների քանակը:

Առողջապահության նախարար Ա. Բաղրյանի խոսքերով՝ գերատեսչությունը մշտապես կապի մեջ է ՀՀ գործընկերների հետ: Մինչև այսօր, իրականացված քայլերի արդյունքում, Արցախում դեռևս նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք չի արձանագրվել: Նոր վիրուսը հայտնաբերելու դեպքում հիվանդը կմեկուսացվի, քննարկվում է նաև, հարկ եղած դեպքում, հիվանդներին առանձին բուժհիմնարկ տեղափոխումը:

Պետական նախարարը հորդորել է աշխատանքներն իրականացնել էլ ավելի մեծ պատասխանատվությամբ և բնակչության շրջանում շարունակել վիրուսի դեմ պայքարի իրազեկման աշխատանքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ