Փետրվարի 19-ը Գուրգեն Մարգարյանի սպանության 15-րդ տարելիցն է:
2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի զինծառայող, սպա Գուրգեն Մարգարյանը, որն անգլերենի դասընթացի էր մասնակցում Բուդապեշտում, քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից:
Հանցագործությունը տեղի էր ունեցել Եվրոպայի կենտրոնում: Հունգարիայի իշխանությունները մարդասպանին դատապարտել էին ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: Գուրգեն Մարգարյանը հրապարակվել էր 2006 թվականի ապրիլի 3-ին:
2008 թվականին այցով Երևանում գտնվող այդ ժամանակ Հունգարիայի ԱԳ նախարար Կինգա Հենցը պատասխանելով Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու հնարավորության մասին հարցին՝ նշել էր, որ նման հնարավորություն կա, բայց Հունգարիան այդպիսի պարտավորվածություն չունի: «Ռամիլ Սաֆարովի արարքը Հունգարիայի հանրության համար շոկ էր և ցնցում: Սաֆարովին վերադարձնելու հնարավորություն կա, բայց Հունգարիան այդպիսի պարտավորվածություն չունի: Սաֆարովին վերաբերող բոլոր հարցերը անչափ լրջորեն են քննարկվելու: Ամենագլխավոր հարցը հետևյալն է՝ Սաֆարովն արդյոք Ադրբեջանում կկրելո՞ւ է ցմահ բանտարկությունը, թե՞ ոչ»,- հայտարարել էր հունգարացի նախարարը:
Սակայն մի քանի տարի հետո այս երկրի իշխանությունները Ադրբեջանի իշխանությունների հետ գործարքի գնացին. Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց հայրենիք, որտեղ անմիջապես ազատվեց և հերոսի կոչման արժանացավ: Նույն օրը՝ 2012 թվականի օգոստոսի 31-ին, Հայաստանը դադարեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Մինչ օրս Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովը համարվում է «ազգային հերոս», քանի որ բարոյապես լքված և հիվանդ ադրբեջանական պետությունում հայասպանությունը գովելի փաստ է համարվում: Սակայն ավելի քան պարզ է այն, որ պետական մակարդակով իրականացվող հակահայկական քաղաքականությունը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ հասարակության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից և կոծկել ալիևյան վարչակարգի ամենաթողությունը: Ցավալի է, որ մեր հարևան երկրում չեն գիտակցում, որ նման կործանարար քաղաքականությունը հանգեցնում է հիվանդ հասարակության ձևավորմանը, որի հետևանքների վերացման համար երկար տարիներ կպահանջվեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը