Վանաձոր քաղաքի 60 տոկոսը և հարակից 13 բնակավայրեր զրկվել են ջրից արդեն երկու օր։ Եվս մեկ օր մնալու են առանց ջրի։ Վթար է եղել։ Մարդիկ ջուր չունեն, խանութներում արագ սպառվում են ջրերը։
Իսկ ի՞նչ է անում Լոռու մարզպետը, որի գրասենյակը տեղավորված է հենց Վանաձոր քաղաքում։ Նա, ըստ տրամաբանության, պետք է ջանքերը ներդներ, ուժերը մեկտեղեր, եթե անհրաժեշտ է՝ շինարարական մի գործիքով էլ անձամբ մասնակցեր վթարի հետևանքների վերացմանը։ Բայց պարզվում է, որ մարզպետն ու մարզպետարանի աշխատողները հույժ կարևոր այլ գործեր ունեն։
Անդրեյ Ղուկասյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում, որտեղ ինքը, տեղակալը, օգնականը, վարորդը, աշխատակազմի ղեկավարը, քաղաքաշինության վարչության խորհրդատուն, Վանաձոր բժշկական կենտրոնի տնօրենը ՔՊ Վանաձորի գրասենյակում են ու վերնագրել է «հանրաքվեին ընդառաջ»։
Իսկ ի՞նչ էին անում հանրաքվեին ընթառաջ, երբ դեռ 3-4 օր կա քարոզարշավին, «ոչ»-ի ճամբա՞ր էին ձևավորում՝ ի տես նրա, թե մարզում այսքան խնդիր, դուք ընկել հանրաքվե՞ եք անում․․․ Այս օրերին շատ է խոսվում վարչական ռեսուրսների չարաշահման մասին, կասկած անգամ չունենք, որ դա լինելու է, ինչպես եղավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Բայց այստեղ հարցը դա չէ, այլ այն, որ մարզպետի ֆեյսբուքյան պատին մեկ տող անգամ չկա այն մասին, որ որևէ ջանք են թափում Վանաձորի հանրությանն այս պահին հուզող ամենամեծ խնդիրը լուծելու համար (իսկ որ վանաձորցիներին իրենց ջրի հարցն ավելի շատ է հուզում, քան Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունը և Լևոն Տեր-Պետրոսյանի սիրելի Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելու պրոցեսը, վստահ ենք)։ Եվ ուրեմն, ստացվում է, որ իր ղեկավարած մարզի խնդիրները մարզպետի հեչ պետքն էլ չեն, կարևորը ցույց տալն է, որ ինքն ամենաակտիվն է աշխատում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրաքվեի շուրջ։
Ի վերջո, մարդիկ ցույց են տալիս, որ հարգելի հպարտ քաղաքացի, մեզ չեն հետաքրքրում ձեր խնդիրները, մեզ հետաքրքրում են մեր քաղաքական նպատակներն ու ամեն գնով դրանց հասնելու ճանապարհը։ Իսկ դուք կարող եք սպասել։
Կարծում ենք՝ վանաձորցիներն ըստ արժանվույն պետք է գնահատեն այս «ջանքերը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը