13 02 2020

Հ1-ը վարկաբեկում է ԶՈւ-ն և ստվերում հայ-ռուսական կապերը․ «Մեդիա պաշտպան»

Հ1-ը վարկաբեկում է ԶՈւ-ն և ստվերում հայ-ռուսական կապերը․ «Մեդիա պաշտպան»

«Հանրային հեռուստաընկերությամբ «Օրսիս» ընկերության վերաբերյալ փետրվարի 11-ին հեռարձակված ռեպորտաժում ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում», Aysor.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։

Նշենք, որ փետրվարի 11-ին Հանրային հեռուստաընկերությունը «Օրսիս» ընկերության վերաբերյալ ռեպորտաժում հղում անելով անանուն աղբյուրին նշել է, որ «մարտական նշանոցների անվան տակ Հայաստանի զինված ուժերին փորձ է արվել մատակարարել որսորդական զինամթերք»:

Մինչդեռ ԶՈւ Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարում է, որ Հանրայինի ռեպորտաժում «հարցազրույց տված անձը Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար չէ։ Նա չէր կարող տեղեկատվություն ունենալ Զինված ուժերի կողմից ձեռք բերվող սպառազինության ու դրա գների մասին, առավել ևս՝ մասնակցել այդ սպառազինության փորձարկումներին: Հետևաբար, ռեպորտաժում ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»:

Հատկանշական է, որ «Օրսիս» ընկերության մասով Հանրայինի ռեպորտաժին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչը Aysor.am-ի հետ զրույցում նաև ուշագրավ գնահատականներ է տվել նշելով, որ «ինչ-որ անձինք փորձում են ստվեր գցել Զինված ուժերի վրա և կարծես թե, փորձում են ստվեր գցել հայ-ռուսական հարաբերությունների վրա»:

Ստացվում է, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը պաշտոնապես հայտարարում է, որ հարկատուների գումարներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը ապատեղեկատվություն է տարածում` վարկաբեկելով ՀՀ Զինված ուժերը և ստվերելով հայ-ռուսական հարաբերությունները:

Իրավիճակն, իրոք, արտառոց է, և սա Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ նախադեպը չունեցող երևույթ է:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերության «Լուրերի բաժին» պրոֆեսիոնալ լրատվամիջոցի ոչ հարիր հերթական գործողության կապակցությամբ:

«Մեդիա պաշտպանը» բազմիցս բարձրաձայնել է, որ հարկատուների գումարներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը պետք է պատկան մարմինների կողմից պատշաճ վերահսկողության արժանանա, այդ թվում նաև պրոֆեսիոնալ մեդիայի էթիկայի և հանրային գործառույթների համատեքստում: Հանրային հեռուստաընկերությանը օրենքով վերահսկող վերադաս մարմինները բավարար կամք չեն ցուցաբերում հարկատուների միջոցներով ֆինանսավորվող լրատվամիջոցի ղեկավարության գործունեությունը վերահսկելու և պրոֆեսիոնալ մեդիայի չափորոշիչներին համահունչ դարձնելու համար:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը շարունակելու է հանրային միջոցներով գործող Հանրային հեռուստաընկերության եթերի մշտադիտարկումը և հետևողականորեն հանրությանը տեղեկացնելու է իր միջոցներով գործող հեռուստաընկերության պրոֆեսիոնալ էթիկայի ու օրենքով վերապահված գործառույթների խախտումների մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ