Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Մայր բուհի ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը տեղի կունենա մարտի 23-ին: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից:
Ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդի պարտադիր պահանջը՝ դոկտորի գիտական աստիճանն է և պրոֆեսորի գիտական կոչումը:
Համաձայն հայտարարության՝ մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացնել 2020թ. փետրվարի 12-ից մինչև մարտի 7-ը` ժամը 16:00-18:00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ):
ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ ներկայացվող փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Տեղեկացնենք, որ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, ռեկտորի նշանակման և նրա հետ աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաստաթղթեր» կայքում (documentation.ysu.am):
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը