Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անգործությունը լայն հնարավորություն է ընձեռել այսօրվա պաշտոնյաների չհայտարարագրելու իրենց եկամուտներն ու գույքը:
Armenia First նախաձեռնության իրավական հարցերի հանձնաժողով
Դեռևս 2017թ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կազմավորումը պայմանավորված էր երկրում շարունակաբար և նոր թափ ստացած պետական համակարգի բարեփոխումներով: Հանձնաժողովի կազմավորման հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ տարվող պայքարի շղթայում մասնագիտական անկախ մարմին ունենալու հրամայականն էր: Կոռուպցիայի կանխարգելման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործում կարևոր նշանակություն ունի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը, կրթական ծրագրերի իրականացումը, ինչը նպաստում է նաև հանրային իրազեկվածության բարձրացմանը: Հանձնաժողովի կազմավորման համար ընտրվել էր անկախության երաշխիքներով օժտված միջազգային ընդունելի մոդելներից մեկը, որի բաղկացուցիչ մասն էր կազմել Հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային կարգը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի մասին օրենքը (այսուհետ`Օրենք) պարունակում էր պետական ինքնավար մարմնի անկախ գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր իրավական երաշխիքներն ու կառուցակարգերը:
Սակայն, Օրենքն իր ամբողջական տրամաբանությամբ այդպես էլ ուժի մեջ չմտավ: Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից Օրենքով սահմանված ժամկետներում և կարգով չհայտարարվեց Հանձնաժողովի անդամների մրցույթ և արդյունքում նաև չնշանակվեցին Հանձնաժողովի անդամներ և չկազմավորվեց Հանձնաժողովը: 2018 թվականին ուժի մեջ մտնող Օրենքի դրույթների համաձայն բավական բարձր մասնագիտական, աշխատանքային և բարոյական չափորոշիչներ էին սահմանված Հանձնաժողովի անդամի թեկնածուի համար: Ընտրված մրցութային կարգի համաձայն, թեկնածուները պիտի հաղթահարեին երեք փուլ (փաստաթղթերի ստուգում, թեստավորում և հարցազրույց): Խնդիրը ոչ միայն Օրենքով սահմանված ժամկետների պահպանման, այլ նաև Հանձնաժողովի անդամներին ներակայացվող պահանջների և կազմավորման կարգի դրույթների փոփոխությունների մեջ էր (որոնց մասին բազմիցս խոսվել է):
Արդյունքում, 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման Հանձնաժողովը զրկվեց իրավական այն երաշխքիներից, որոնք անհրաժեշտ են պետական ինքնավար մարմնի անկախության և քաղաքական չեզոք մասնագիտական գործունեության իրականացման համար: Մի կողմի թողնվելով Հանձնաժոովի ձևավորման խնդիրներն, անդրադառնանք 2019թ. նոյեմբերին ձևավորված հանձնաժողովի ներկայիս գործունեությանը: Հանձանժողովն իր գործունեության ընթացքում դեոևս աչքի չի ընկել Հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացվող որևիցե գործունեությամբ: Ավելին, մինչ օրս Հանձնաժողովը չի կարողանում ապահովել Հանձնաժողովի գործունեության համար Օրենքով սահմանված հանրային հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ օրս չի գործարկվել Հանձնաժողովի պաշտոնական կայքէջը: Հանձնաժողովի կարևորագույն լիազորություններից են`
• հայտարարագրերի ռեեստրի վարումը,
• հայտարարագրերի ձևավմուշների սահմանումը,
• հայտարարագրերի ներկայացման ապահովումը,
• հայտարարագրերի հրապարակումը և այլն: Հանձնաժողովը մինչ օրս չի իրականացնում վերը թվարկած լիազորությունները, արդյունքում խախտելով Օրենքը և անուղղակի հանգեցնելով նաև Հանրային ծառայության մասին օրենքի խախտմանը:
Արդյունքում, Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձը զրկվում է օբյեկտիվ հնարավորությունից իրացնելու իր հիմնական պարտականություններից մեկը` այն է, ներկայացնելու հայտարարագիր:
Ակնհայտ է, որ Հանձանժողովն իր ներկայիս ոչ պրոֆեսիոնալ կազմով ի վիճակի չէ լուծելու ստեղծված խնդիրները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը