Հ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, անդրադառնալով ՀՀ ԶՈւ-երում ինքնասպանություններին, լրագրողների հետ զրույցում նշեց․
«Ես, ցավակցելով բոլոր հարազաներին, ուզում եմ ասել, որ բոլոր դեպքերով ընթանում են իրավական գործընթացներ: Որևէ բան հիմա մեկնաբանելու հարցում ձեռնպահ կմնամ: Վերջակետը դնելու է դատարանը, դրանից հետո կարող ենք մեկնաբանել:
Մենք աշխատում ենք, եթե չաշխատեինք, թիվը կլիներ եռակի, քառակի: Եթե դուք ավելի լավ ձև գիտեք, եկեք միասին աշխատենք: Շատ դժվար է, երբ նման դեպքեր են տեղի ունենում: Ծանր է նաև սպաների, համածառայակիցների համար: Վատ է, ցավալի դեպքեր են: Աշխատում ենք, որպեսզի չլինի։
Արդարացման խնդիր չէ, իհարկե, ունենք բացթողումներ, բայց երբ հրապարկում են, թե ոչ մեկ իրենց տեղում չէ և այլ մեղադրանքներ, պետք է ասեմ՝ մենք էլ ենք տեսնում այդ խնդիրները, ավելի լավ ենք գիտակցում բոլոր խնդիրները, որոնք կան զինված ուժերում։ Մեր նպատակն է, որ ընդհանարապես չունենանք զոհ, ինքնասպանություն, մենք ուզում ենք դա, եթե ձևը բոլորդ գիտեք, եկեք աշխատենք և ձևը գտնենք»,- նշեց նա:
Դիտարկմանը՝ վերջերս բանակում խաղաղ պայմաններում մահացած Վահրամ Ավագյանի ծնողները բարձրաձայնել են, որ ամիսներ շարունակ բռնություն է գործադրվել իր նկատմամբ, ինչպե՞ս է սա տեղի ունեցել, Դավթյանը պատասխանեց․ «Բոլոր դեպքերով ընթանում են իրավական գործընթացներ, նախաքննություններ, քրեական գործեր կան և որևէ բան հիմա մեկնաբանելը իմ կողմից ճիշտ չի լինի: Բոլոր հարցերով դատարանը պետք է դնի վերջակետը, այդ ժամանակ կարող եմ մեկնաբանել ամեն ինչ»,- շեշտեց Դավթյանը:
Հարցին, թե նախորդ տարի էլ խաղաղ պայմաններում ավելի շատ զինվոր է զոհվել, քան հակառակորդի կրակոցից, սա հիմք չի՞ տալիս փոփոխություններ անելու, ԳՇ պետը պատասխանեց. «Ի՞նչ եք առաջարկում, հակառակորդի կողմից ավելացնե՞նք, ասե՞նք՝ խնդրենք հակառակորդ արեք սպանե՞ք: Գործ է արվել այդ ուղղության վրա և քանակը նվազել է: Ինչո՞ւ եք միայն դա նշում, նույն ավտովթարներից քանակի նվազում ունենք, ականների վրա պայթյունից պակաս ունենք, 2018-ին 2019-ի համեմատ ինքնասպանության և ինքնասպանության փորձերի քանակն է մնացել նույնը»:
Անցած տարի ահազանգ կար օրերս մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի զորամասի վերաբերյալ, հարցին՝ գնացե՞լ եք հետքերով, Արտակ Դավթյանը պատասխանեց , որ այդ հարցով համապատասխան հայտարարություն Արցախի ՊԲ-ն կատարել է։«Այդ հարցով հարուցվել է քրգործ, Դատախազությունը մերժել է քրեական գործը հանցակազմի բացակայության պատճառով: Մենք նման ահազանգեր ստանում ենք օրը 30 հատ, եթե ոչ ավելի: Եթե չեմ սխալվում, թեժ գծին 47, 000 ահազանգ է եղել, դե վերցնենք ու ասենք՝ դրանց հետևից չենք գնացել, չենք արե՞լ»,- նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը