ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, ՀՀ զինված ուժերի մարտունակությունը և մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում՝ ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ՊՆ № զորամասի մի խումբ զինծառայողներ՝ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2019 թվականի հուլիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հափշտակել և վաճառել են իրենց վստահված՝ զորամասի պլանային ուսումնական թռիչքների իրականացման համար հատկացված, առանձնապես խոշոր չափերով՝ 40 միլիոն ՀՀ դրամից ավելի արժեքով, մոտ 85 տոննա ավիավառելիքը։
Ինչպես տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը՝ ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո, հերթական անգամ 640 լիտր ավիավառելիքը զորամասի տարածքից դուրս հանելիս և գնորդին հանձնելիս, նրանց հանցավոր գործողությունը խափանվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, առձեռն բռնված հանցագործություն կատարած անձինք խոստովանել են կատարած հանցագործության կատարումը:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, այն ըստ քննչական ենթակայության քննելու նպատակով փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը