Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 16-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մարտից անցնել ամառային ժամանակի, իսկ հոկտեմբերից՝ ձմեռային ժամանակի:
Մասնավորապես, առաջարկվում է ժամային փոփոխության (մարտի վերջին կիրակի օրվանից ժամը մեկ ժամով առաջ տալ, ինչպես նաև հոկտեմբերի վերջին կիրակի օրվանից մեկ ժամով հետ տալ) արդյունքում օրվա ընթացքում լուսավոր ժամանակահատվածը կավելանա միջինում 50 րոպեով։
Համաձայն նախնական վերլուծության առաջարկվող ժամանակահատվածում միջին արևածագի ժամը 6։10-է, միջին մայրամուտի ժամը 19։50։ Ենթադրվում է, որ միջին վիճակագրական քաղաքացու արթուն անցկացված ժամանակը կազմում է 16 ժամ։ Հաշվարկի նպատակով օրվա սկիզբ է ընդունվել ժամը 07։00-ը և ավարտ ժամը 23։00-ն։
Արդյունքում, մարտից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում միջին վիճակագրական օրվա ընթացքում լուսավոր ժամերը կազմում են 12 ժամ 50 րոպե, առաջարկվող փոփոխության արդյունքում այս ցուցանիշը կաճի 50 րոպեով կազմելով 13 ժամ 40 րոպե, ինչի արդյունքում տարեկան լուսավորություն պահանջող ժամերի քանակը կկրճատվի 9%-ով։
Հնարավոր օգուտները հաշվարկվել են 2 եղանակով՝
Լուսավորության խնայողությունը տեղի է ունենում ողջ տնտեսությունում:
Լուսավորության խնայողությունը տեղի է ունենում միայն տնային տնտեսություններում:
Առաջին եղանակի դեպքում օգտագործվել է ԱՄՆ-ում լուսավորության ծախսերի գնահատականը, որը կազմում է էլեկտրական էներգիայի 6%-ը։ 9% խնայողության դեպքում էլեկտրական էներգիայի խնայողությունը կկազմի մոտ 0,54% կամ 1.1 մլրդ ՀՀ դրամ։
Երկրորդ եղանակի դեպքում ենթադրվում է, որ էլեկտրական էներգիայի սպառումը լուսավորության նպատակով կազմում է տնային տնտեսության սպառման 8%-ը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնային տնտեսությունների կողմից էլեկտրական էներգիայի սպառումը կազմում է ընդհանուր սպառման մոտ 36%-ը, խնայողությունը կազմելու է մոտ 561 մլն ՀՀ դրամ։
Հարկ ենք համարում նշել նաև այն հանգամանքը, որ մի շարք հետազոտությունների համաձայն /հիմնականում իրականացված են ԱՄՆ համար/ ժամերի փոփոխությունը կարող է ունենալ բացասական հետևանքներ, ինչպիսիք են՝
Chmura Economics & Analytics-ի կողմից մշակվել է ցուցանիշ (Sleep Better Lost-Hour Economic index), որը ցույց է տալիս ամառային ժամանակին անցման ազդեցությունը տնտեսական կորուստների վրա. Մասնավորապես սրտի կաթվածի հաճախականության արդյունքում նվազում է արտադրողականությունը հանքարդյունաբերության և շինարարության ոլորտներում: Հիմնվելով այս ցուցանիշի մշակման համար օգտագործված չափանիշների վրա` Արևմտյան Վիրջինիայի Մորգանթաուն քաղաքը ամառային ժամանակին անցնելու արդյունքում առավելագույն կորուստներն է կրել (445 685 ԱՄՆ դոլար), այսինքն, թվով 129 709 բնակիչներից յուրաքանչյուրը կորցնում է 3.40 դոլար, իսկ երկրի միջին ցուցանիշը կազմել է 1.70 դոլար ԱՄՆ մեկ անձի համար, իսկ ընդհանուր ազդեցությունը ԱՄՆ-ի տնտեսության վրա կազմում է 434 մլն. ԱՄՆ դոլար (ՀՆԱ-ի 0.002%):
Հաշվի առնելով այս վերլուծությամբ սահմանված ցուցանիշը՝ ամառային ժամանակին անցումը կարող է ազդեցություն ունենալ ՀՀ-ի տնտեսության վրա տարեկան մինչև 120 մլն ՀՀ դրամ կորուստի չափով՝ միայն վերոնշյալ բացասական էֆեկտի արդյունքում:
Միաժամանակ, ժամանակի փոփոխությանը հաջորդող 5-10 օրվա ընթացքում ուշադրության կորստի պատճառով արտադրական պատահարների աճը և արտադրողականության անկումը, դժբախտ պատահարների թվի աճը և առողջական հնարավոր մի շարք այլ խնդիրներ։ Համաձայն նախնական գնահատականների ՀՀ համար ժամերի փոփոխության գումարային վնասը կարող է կազմել մոտ 650 մլն ՀՀ դրամ։
Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ ներկայացվող տնտեսական ազդեցության գնահատականը իրականացվել է որոշակի ենթադրությունների հիման վրա, որոնց փոփոխությունը էապես ազդում են գնահատականի ճշգրտության վրա։
Այսպես՝
Հաշվի առնված չէ օդորակման և տաքացման համար օգտագործող էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի ազդեցությունը։ Ինդիանա նահանգում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ժամերի փոփոխությունը հանգեցրել է էլեկտրական էներգիայի սպառման աճի։
Խնայողության դրական ազդեցությունը իրականացվել է սպառման կառուցվածքում լուսավորության ծախսի ենթադրվող դերի վրա, որը ներկայիս դրությամբ հայտնի է միայն մոտավոր և որի 0,1 տոկոսային կետով փոփոխությունը կարող է բերել օգուտների 7-19 մլն ՀՀ դրամի փոփոխությանը։ Միաժամանակ, 2009 թվականին էներգիայի խնայողության գործակալությունը ամառային ժամանակին անցնելու ազդեցությունը էլեկտրաէներգիայի խնայողության վրա գնահատել է միայն 0,1 տոկոս (հիմնականում այն պայմանավորված է եղել էներգախնայող լամպերի տարածմամբ):
Վնասները կարող են լինել գերագնահատված, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնահատումն իրականացվել է որպես % ԱՄՆ ՀՆԱ-ից՝ ենթադրելով համադրելի ազդեցություն ՀՀ տնտեսության վրա։
Վերլուծությունը իրականացվել է ստատիկ, առանց հաշվի առնելու արտադրողականության աճը և լուսավորման համար օգտագործվող էներգախնայող տեխնոլոգիաների զարգացումը՝ ինչը կարող է բերել օգուտների գերագնահատման և վնասների թերագնահատման։
Վերլուծության մեջ հաշվի առնված չեն մի շարք պահվածքային փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել առավոտյան ժամերին լուսավորության համար օգտագործվող էլեկտրական էներգիայի սպառման աճին։
,Այդ կապակցությամբ ավելի քան 200 երկրներից աշխարհում մնացել են միայն շուրջ 70 պետություններ, որոնք տարեկան երկու անգամ ժամացույցի սլաքներ են փոփոխում: ԵՏՄ անդամ երկրներում ժամերի փոփոխություն չի իրականացվում։ Ռուսաստանը հրաժարվել է ամառային ժամանակի անցումից 2011 թվականին։
Եվրոպայում հասարակական լսումներ են անցկացվել այդ հարցի շուրջ, և հարցվողների 84 տոկոսը դեմ է արտահայտվել սլաքները առաջ տալուն: Եվրախորհրդարանի պատգամավորները պաշտպանել են ամառային ժամանակի պարտադիր անցումը չեղարկելու առաջարկը։ 2021 թվականից ԵՄ-ի յուրաքանչյուր անդամ պետություն կարող է ինքնուրույն որոշել տարեկան երկու անգամ (գարնանը և աշնանը) ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ տալու նպատակահարմարությունը
Ամառային ժամանակին անցումը առաջացնելու է ավիաընկերությունների կողմից թռիչքաժամերի հաստատման և բնականոն գործունեության կազմակերպման հետ կապված խնդիր (առնվազն վեց ամիս առաջ վերջիններիս նախապես իրազեկելու):
Միաժամանակ ԵՄ-ում ամառային ժամանակի անցումը պարտադիր է 2001 թվականից, որը ուղղված է ներքին շուկայի աշխատանքի բարելավմանը և էլեկտրաէներգիայի ծախսերի նվազեցմանը: Հավաստիացվում էր, որ ավելի քիչ ժամանակային տարբերությունները դյուրացնում են անդրսահմանային առևտուրը: Մինչդեռ էներգիայի խնայողությունը չնչին է եղել, իսկ ԵՄ-ի մի շարք հիմնական առևտրային գործընկերներ, այդ թվում՝ Չինաստանը, Ռուսաստանն ու Թուրքիան ամառային ժամանակի չեն անցում։ ՀՀ առևտրային գործընկերների 52%-ը ժամերի փոփոխություն չի իրականացնում /ըստ առևտրի ծավալների/։
Ամփոփելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամառայինժամանակինանցումը պահանջում է առավել խորը վերլուծություն, ՀՀ կառավարությունը առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը թողնել անփոփոխ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը