13 01 2020

Առողջապահության նախարարության մասին դիտարկվել են ավելի շատ բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան»

Առողջապահության նախարարության մասին դիտարկվել են ավելի շատ բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան»

2020 թ-ի հունվարի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Հայաստանի Հանրապետության  առողջապահության նախարարությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 131 հոդված, որոնցից 22-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 108-ը՝ չեզոք։

Առողջապահության նախարարությունը լրատվականների ուշադրության կենտրոնում է։ Դիտարկվել են ավելի շատ բացասական հոդվածներ։

Ըստ հրապարակումների, ներկա իշխանությունները որդեգրել էին բաց և թափանցիկ աշխատելաոճ, սակայն չեն կատարում իրենց խոստումը։ Լրատվականներից մեկի հարցմանն ի պատասխան, տրամադրվել է նախարարների ստացած պարգևավճարների չափի մասին տեղեկատվություն, սակայն Առողջապահության նախարարության պարգևավճարների չափը մերժել են տրամադրել։

Նախարարության համար բացասական հոդվածների հիմք է դարձել նաև Մարալիկի ծննդատունը փակելու որոշումը, որը թեժ քննարկումների առիթ է դարձել։ Մարալիկի բնակչությունը այդ որոշումից հետո ճանապարհ փակեց և բողոքի ակցիա իրականացրեց։ Մարալիկի ծննդատան փակման մասին բացասական կարծիք հայտնեց նաև «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Ծննդատան աշխատակիցներից մեկն, անդրադառնալով թեմային, ասել է. «Մենք վստահ ենք, որ ոչ Շիրակի մարզպետարանը, ոչ՝ առողջապահության նախարարությունը հարցի լուծման նպատակով քայլեր չեն ձեռնարկի: Մենք սպասում ենք տոնական օրերի ավարտին. չի բացառվում, որ ծննդատան աշխատակիցները, ծննդատնից օգտվող 17 գյուղերի բնակիչները ոտքով հասնեն Երևան և իրենց բողոքի ձայնը բարձրացնեն Կառավարության առջև»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ