10 01 2020

ԱԱԾ տեսանյութը բրեժնևյան ժամանակներն էր հիշեցնում. Սամվել Մարտիրոսյան



168.am-ը հայտնում է․ «Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, եթե կարելի է ենթադրել, որ «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը հայտնաբերվել էր Ֆեյսբուքին դիմելու և տվյալներ ստանալու միջոցով, ապա նույն ենթադրությունը չի կարելի անել օրերս բացահայտված Դիանա Հարությունյան անուն-ազգանունով ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի վերաբերյալ: Եթե առաջինի դեպքում կային գրառումներ, որոնք խրախուսում էին ահաբեկչությունը, ինչի դեպքում Ֆեյսբուքը կարող է տվյալներ տրամադրել, ապա նույնը չի կարելի ասել օրերս հայտնաբերված կեղծ օգտատիրոջ արած գրառումների բովանդակության մասին։

««Դուխով Հայաստան»-ի պարագայում կար, օրինակ, զենքով ցույցի գնալու կոչ։ Տեսականորեն Ֆեյսբուքը կարող էր տվյալներ տրամադրել։ Իսկ Դիանա Հարությունյան անունով-ազգանունով կեղծ էջի վերաբերյալ Ֆեյսբուքն այսքան արագ տվյալներ չէր կարող տրամադրել։ Ամենառեալ տարբերակները հետևյալն են՝ կամ այս տղան՝ Դիանայի էջը վարողը, գործում է ֆեյքերի թիմում, միայնակ չի, կամ այդ թիմում կա ԱԱԾ-ի կամ ոստիկանության գործակալ։ Կա նաև մեկ այլ տարբերակ՝ վերջին շրջանում խոսվում էր այն մասին, որ ԱԱԾ-ն գնումներ է իրականացրել, ձեռք է բերել նոր տեխնիկա, որը թույլ է տալիս հայտնաբերել ֆեյքերին։ Գուցե այս տեխնիկական միջոցների շնորհիվ արդեն կա ֆեյքերի բացահայտված ցանկ։ Նշեմ, որ այս բոլոր տարբերակներն էլ ենթադրություններ են»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Հարցին՝ արդյոք այդ նոր տեխնիկական միջոցներով հնարավո՞ր է բացահայտել նաև հայտնի գաղտնալսումների հեղինակներին, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց.

«Կա հատուկ ծրագիր, որի մասին եթե կարճ ասեմ, կստացվի այսպես՝ եթե մարդը ինչ- որ բան է գրել, օնլայն է եղել, այս ծրագրով ֆիլտրվում են այն մարդիկ, որոնք այդ գրելու պահին օնլայն չեն եղել, էդպես, եթե 20-30 գործողություն է կատարում օգտատերը, այդ համակարգի միջոցով հնարավոր է լինում նրան բացահայտել, առավելևս, եթե նրանով արդեն հետաքրքրված են»,- ասաց մեդիափորձագետը։

Անդրադառնալով Դիանա Հարությունյանի ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին առաջադրված մեղադրանքներից առաջինին (ՀՀ ՔՕ 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ. ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով)՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ պարզ չէ, թե ո՞ր ազգն է այս գրառումից տուժել և ինչի՞ պատճառով, իսկ առաջադրված երկրորդ մեղադրանքից (ՔՕ 254-րդ հոդվածի 1-ին մասով՝ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) կարելի է ենթադրել, որ այդ էջը պատկանել է այլ անձի, որը կոտրել և օգտագործել են։

«Ես հակված եմ մտածել, որ ադրբեջանցիներն են կոտրել էջը, որից հետո այդ գրառումը հավեսով օգտագործեցին մեր դեմ»,- ասաց Մարտիրոսյանը։

Մեդիափորձագետը նշեց, որ Հայաստանում չկա իրավական բազա, չկան օրենքներ հատուկ կեղծ օգտատերերի և նման դեպքերի համար, սակայն այն երկրներում էլ, որտեղ կան, չեն աշխատում։

Ըստ փորձագետի՝ այդ օրենքները ցանկացած պահի կարող են դիտարկվել՝ որպես ճնշում ազատ խոսքի վրա։

Անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության գործողություններին՝ կապված կեղծ օգտատիրոջ բացահայտման հետ, Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ԱԱԾ-ի տարածած տեսանյութը դուրեկան չէր։

«Մարդուն անգիր սովորած տեքստ տալու և խոսեցնելու ժամանակներն անցել են առնվազն 40 տարի առաջ, դա բրեժնևյան ժամանակներն էր հիշեցնում։ Կարծում եմ, որ վարչապետի մակարդակով ֆեյքերի դեմ պայքարի մասին չպետք է խոսք լինի. Նախ՝ այդ ամեն ինչը միանշանակ չի ընկալվում, և կա վտանգ, որ այս ամեն ինչը հետո կարող է գնալ խոսքի ազատության դեմ պայքարի ուղղությամբ։ Բացի այդ՝ ֆեյքերին չափից շատ արժեք է տրվում, երբ երկրի ղեկավարությունն է զբաղվում դրանով»,- ասաց Մարտիրոսյանը։

Ամփոփելով խոսքը՝ մեդիափորձագետն ասաց, որ կեղծ լուրերի դեմ պայքարելու ամենալավ տարբերակը մեդիագրագիտության բարձրացումն է, որովհետև կա ռեալ սպառնալիք, որ ֆեյքերով կարելի է լուրջ ցնցումներ առաջացնել, բայց միանշանակ է, որ ուժային գործողություններով չպետք է արվեն։

«Այստեղ պետք է պետության գլուխն ավելի շատ աշխատի, քան ոտքերն ու ձեռքերը։ Պետք է մեդիագրագիտությունը բարձրացնել, լավացնել հարաբերությունները հարևան երկրների լրատվամիջոցների հետ, որպեսզի հերքումները շատ արագ կարողանաս դաշտ մտցնել։ Սրանք ավելի լավ տարբերակներ են. ավելի լավը կալանավորումից։ Ինչքան ուզում ես օրենք գրես, միևնույն է՝ ադրբեջանցիները էլի Դիանա Հարությունյան անունով էջ կբացեն ու կտարածեն այս կամ այն ապատեղեկատվությունը»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ