Էական ձեռքբերումներ ցավոք չեմ նկատում, ինչը շատ վատ է: Այս մասին Yerevan.today-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե անցնող տարում ավագանին ինչ ձեռքբերումներ է գրանցել:
Նրա խոսքով՝ արդեն մեկ տարուց ավելի է անցել նոր քաղաքապետի պաշտոնավարումից և շատ հարցեր կային, որոնք այս ժամանակահատվածում կարելի էր լուծել, սակայն դրանք այդպես էլ անկատար մնացին: Ավագանու անդամը նաև հավելեց, որ նույնիսկ տրանսպորտային խնդրի հարցում հնարավոր էր առաջընթաց ունենալ, բայց դեռ միայն այդ հարցով քննարկում է եղել:
Թեհմինա Վարդանյանն անդրադարձավ նաև ներկա և նախկին ավագանու անդամների տարբերություններին և ասաց. «Իշխանական թևի ավագանին շատ ավելի ագրեսիվ է, ոչ հանդուրժող, շատ ծանր են տանում, որ ընդդիմությունն իրենց քննադատում է: Նախկին ավագանին ավելի լռակյաց էր և երևի թե ինչ-որ առումով ավելի հանդուրժող: Ներկաները չեն ուզում լսել քննադատություն և այդ մեծամտությունը, որ իրենք 81տոկոս ձայն են հավաքել, ուզում եմ հիշեցնել, թե ինչի արդյուքնում են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի ունեցան, և ում շնորհիվ են նրանք այդտեղ նստած:
Իսկ ինչ վերաբերում է ապօրինի շինթույլտվություններին, որոնք վերջին շրջանում ամենաքննարկվող հարցերից են, մեր հյուրը պատասխանեց, որ օր օրի նոր տեղեկություններ են ստանում ապօրինի շինթույլտվությունների մասին:
Այլ հարցերից բացի, Թեհմինա Վարդանյանը խոսեց նաև իրենց և «Լուսավոր Հայաստան» կուսակցության միջև հարաբերություններից, որոնք վերջին շրջանում լարված են թվում. «Կուսակցությունների միջև բացարձակապես խնդիր չկա, ոչ էլ խմբակցությունում: Ընթացիկ հարցեր են եղել, սխալ էր երևի դա տանել հրպարակային դաշտ: Ուզում եմ իշխանական թևին հորդորել՝ չոգևորվել և հանգիստ նստել տեղները, մենք շփվում ենք, ամեն ինչ նորմալ է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը