«Հրապարակ»-ն անդրադարձել է «Հանրային վերահսկողության կենտրոն» նախաձեռնության ղեկավար Բաբկեն Հարությունյան-վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ վեճին:
Հարությունյանի պնդմամբ` ՊՈԱԿ-ը 7 դեպքով խախտել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` տեղեկություններ փնտրելու և ստանալու իր իրավունքը. ի պատասխան իր բազմաթիվ հարցումների, տվել է ակնհայտ անհիմն պատճառաբանություններով մերժումներ: Սկզբում Հարությունյանին հայտնել են, որ հարցումներին պատասխանելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ՝ 30-օրյա ժամկետ, ապա այդ ժամկետից ուշ, հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված մերժման հիմքերին, բոլորովին այլ` անձնական տվյալների պաշտպանության հիմքով, մերժել են պահանջված տեղեկությունների տրամադրումը, ինչը Հարությունյանն ապօրինի է համարում: Թերթի հետ զրույցում նա մանրամասնել է, որ ցանկացել է տեղեկանալ ՊՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակի, տրամադրված պարգևավճարների, այլ քաղաքացիական անձանց հետ կնքված պայմանագրերի բնույթի մասին:
««Ֆեյքերի ՊՈԱԿ-ը» (նկատի ունի «Հանրային կապերի և տեղեկատվական» ՊՈԱԿ-ը) թեև հրաժարվել է տվյաներ տրամադրել իմ օրինական հարցմանը, ես ունեմ հիմնավոր կասկածներ, որ մարդիկ, այնտեղ նստած, մեր պետության փողերով հայհոյանքներ են գրում մեր հասցեին։ Եվ այդ մարդիկ փող են ստանում, պարգևավճարներ, որպեսզի «Ֆեյսբուքում» մեզ հայհոյեն»,- թերթի հետ զրույցում ասել է Բաբկեն Հարությունյանը` հավելելով, որ այս ամենից բացի, նշված կառույցը քարոզչական ոչ գրագետ հնարքներով «խեղդում» է բազմակարծությունը:
«Նյութեր են պատրաստում, մարդկանց են հայհոյում և խեղդում են երկրում բազմակարծությունն էն պարագայում, որ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ իր ընդդիմադիր կարգավիճակում քննադատել է նախկին իշխանություններին նմանատիպ արարքների համար, իսկ հիմա իր ՊՈԱԿ-ն է նման գործընթաց իրականացնում: Գալու է ժամանակը, էդ ամբողջ տեղեկատվությունը մենք ստանալու ենք: Երբ անվանական կիմանանք՝ ով, որ ֆեյքերով ինչ հրահանգ է ստացել հայհոյելու համար, այդ ժամանակ նրանք իրենց արժանի պատիժը կստանան։ Թող ՊՈԱԿ-ում վեր ընկած սորոսական զանգվածը չմտածի, որ կարող են հայհոյել, և դա կմնա անպատասխան։ Ուղղակի, պատասխանը կտանք էն ժամանակ, երբ անվանական կիմանանք, թե կոնկրետ ով ինչ հայհոյանք է հնչեցրել»,- ասել է նա։
Թերթը դիմել է նաև ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանին, ով տեղակալի հետ արտերկրում է: «Որոշել է դատի տալ` եթե համարում է խախտում ենք արել, դատարանը պետք է որոշի»,- խնդրին արձագանքել է Մովսիսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը