10 12 2019

ՊՆ-ում քննարկել են Ադրբեջանում ձերբակալված հայ զինծառայողների հարցը

ՊՆ-ում քննարկել են Ադրբեջանում ձերբակալված հայ զինծառայողների հարցը

Դեկտեմբերի 10-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի ճակատագրերը, կարևորվել է Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված գործունեությունը՝ նրանց համար կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների հետ նամակագրության հնարավորությունների ապահովման նպատակով:

Դավիթ Տոնոյանն ընդգծել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցության և համատեղ ջանքերի նշանակությունը՝ ՀՀ քաղաքացիների անազատության մեջ գտնվելու խնդրի վերջնական հանգուցալուծման և նրանց շուտափույթ հայրենադարձման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի միջև աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ