ArmLur.am-ը գրում է. «Երբ նախորդ տարի Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն նշանակվեց Մհեր Դավիդյանցը, մեծ աղմուկ բարձրացավ հանրության շրջանում, և մամուլում լուրեր տարածվեցին, որ Դավիդյանցը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, ինչի արդյունքում հաղթել է մրցույթը։ Եւ նշանակումից կարճ ժամանակ անց Առողջապահության նախարարի հրամանով ընկերոջ՝ Դավիդյանցի աշխատավարձը 350 հազար դրամից դարձավ 710 հազար դրամ: Սա արվեց թերևս նրա համար, որ նախարարի ընկեր տնօրենը աջուձախ չնայի՝ քիչ աշխատավարձի պատճառով:
Նախորդ տարվա հոկտեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարը հավաքել էր բոլոր հիվանդանոցների տնօրեններին եւ վերջնականապես նրանց զգուշացրել աշխատաոճի կանոնները:
Եւ հիմա՝ մոտ մեկ տարի հետո, պարզվում է նախարարի ասած սկզբունքները լավ չեն հասկացել կամ չեն պահպանում հենց նրա կողմից նշանակված մարդիկ: ArmLur.am լրատվական կայքի տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որտեղ Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի աշխատակիցը աշխատանքային հարցեր է քննարկում տնօրեն Մհետ Դավիդյանցի հետ, ապա նրանից հետաքրքրվում, թե ինչ պետք է անի պահանջված գումարը:
Այս կադրերում Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն իր աշխատակցի հետ խոսում է ինչ-որ էլեկտրիկի աշխատանքի վերականգնման, բենզին-գազ հարաբերությունների մասին: Իսկ ուշագրավն առջեւում է:
Երբ խոսակցությունն ավարտվում է ենթակայի ու ղեկավարի միջեւ, ենթական, որ թերեւս Մհեր Դավիդյանցի հետ մտերիմ հարաբերություններ ունի, նրան անունով է դիմում, հետաքրքրվում է բերած գումարի մասին: Այսպիսով, մենք լսեցինք աշխատակցի եւ տնօրենի զրույցը, թե ինչպես են բյուջեի գումարներից «այլ ծախսեր» ձեւակերպմամբ 100 հազար դրամ դուրս գրում, անհասկանալի է, թե ինչի վրա են ծախսում, բայց հստակ հասկացվում է, որ հրահանգ կա 25 հազար դրամը հավաքել, դնել սեյֆում: Ո՞ւմ համար, տեսանյութից պարզ չի դառնում: Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ հավաքվող գումարը դժվար թե տնօրենի միանձնյա ծախսելիքը լինի, այլապես սեյֆում չէին հավաքի:
Նշանակում է, որ այն պետք է ինչ որ մեկին տրվի, փոխանցվի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը