Նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ադամներ Միքայել Մանրիկյանը և Հռիփսիմե Առաքելյանն անդրադարձան Երևանի քաղաքապետարանի 2020 թ. բյուջեին:
«Նրանք բյուջե են ներկայացրել, բայց չեն նարկայացրել յուրաքանչյուր կետի ենթատեքստը: Պարզապես թղթեր ու թվեր են ներկայացված: Այսօր մենք խնդիր ունենք՝ վթարային շենքերի հետ կապված: Հստակ նշված չէ, թե 2020 թ. բյուջեով քանի շենքի վերաքննություն է լինելու, որ հասկանանք խնդիրը 3-րդ, թե 4-րդ կարգի է: Պոլիկլինիկաների վերանորոգման հետ կապված ասեմ, որ Երևանում ընդամենը երկու պոլիկլինիկայի կտուր է վերանորոգվում: Շատ ծիծաղելի է, մենք կանաչապատ, նորաստեղծ այգիներ ունեինք, և եթե նրանք կանաչապատման մասին մտածում էին, կարող էին պահպանել: Եղածը չպահպանելով՝ ուզում են նորը ստեղծել. մի քիչ անընդունելի է»,- ասաց Մանրիկյանը:
Հիշեցնենք, որ Երևանի 2020 թվականի բյուջեի նախագծով հաջորդ տարի բյուջեն զգալի աճ է գրանցելու. 2019 թ. 83 մլրդ 200 միլիոնի մուտքերի փոխարեն նախատեսված է 107 մլրդ դրամի մուտք, իսկ 2020 թ. ծախսային մասը կլինի 116 մլրդ դրամ` 2019 թ. շուրջ 91 մլրդ-ի փոխարեն: 2020 թ. բյուջեն 9 միլիարդ 112 միլիոն դրամի պակասուրդ է ունենալու:
«Մեր գործընկերները բյուջեն 107 մլրդ դրամ են կանխատեսում, քանի որ կարծում են՝ հավաքագրումներն ավելի շատ են լինելու: Այստեղ պետք է նկատել, որ աշխատավարձերի որոշակի բարձրացման տոկոսայնության հետ կապված պետական սուբսիդավորումը շատացել է: Այստեղ մանիպուլյացիա կա»,- ասաց Հռիփսիմե Առաքելյանը:
Նա տեղեկացրեց, որ մոտ 10 օրից հստակ կներկայացնեն, թե ինչպես են քվեարկելու տվյալ ծրագրին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը