Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրանուշ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Տեղեկացնում ենք, որ Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով:
Եթե Դուք ներքոհիշյալ ռիսկի խմբերից որևէ մեկում եք, դիմեք Ձեր հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ, 2020 թվականի առաջին զորակոչի ենթակա անձինք, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններ, փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ»:
Հիշեցնենք, որ օրերս մամուլում լուրեր էին շրջանառվում՝ պոլիկլինիկաներում գրիպի պատվաստանյութ չկա: «Ժողովուդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարդիկ պոլիկլինիկաներում փնտրում ու չեն գտնում գրիպի պատվաստանյութը: Իսկ նախարար Թորոսյանը առավել հետաքրքրված է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութով եւ դրա պրոպագանդմամբ ու նույնիսկ դրա համար նախատեսված տարիքային շեմը, այս տարվա հունվարի 29-ի թիվ 194-Ա հրամանով, ընդլայնվեց, որ եղած պատվաստանյութը սպառի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը